«Red Eagles». Մխիթարյանը մարզիկ չէ՞
Հայաստանում գործող «Red Eagles» ֆուտբոլային ֆան ակումբը Բաց նամակ է գրել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ 2016 թ. Հայաստանի լավագույն 10 մարզիկների շարքում չընդգրկելու թեմային:
«Ֆուտբոլը մարզաձև չէ՞, ինչ է: Մխիթարյանը մարզիկ չէ՞: Կանոններ ունե՞ք: Կանոնները կարելի է վերանայել, իսկ Մխիթարյան մենք մոտակա տասնամյակներում հազիվ թե ունենանք, բա էլ ե՞րբ եք մեծարելու նրան: Ի դեպ` միանգամայն արժանի ու վաստակած մեծարանքով:
Արդեն սովորական դարձած երևույթ է` ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համառորեն չի ցանկանում ընդունել, որ աշխարհում և Հայաստանում համար 1 մարզաձևը ֆուտբոլն է, հետո նոր մյուսները: Սպորտի նախարարության ու Օլիմպիական կոմիտեի վատ հարաբերությունները ՀՖՖ-ի հետ ոչ մեկի համար գաղտնիք չեն, բայց կան անհերքելի ճշմարտություններ, որոնք դրանից չպետք է խամրեն:
Ի՞նչ խոսք, Արթուր Ալեքսանյանը միանշանակ արժանի էր լավագույնի կոչմանը, Օլիմպիական խաղերից մեդալներ բերած մեր մյուս 3 մարզիկները` նույնպես: Չնսեմացնենք որևէ մեկին: Պարզապես ասացեք խնդրեմ, այդ անհայտ Մարզական լրագրողների ֆեդերացիայում միթե հնարավոր է նման համերաշխություն, որ բոլորը մտածեն այնպես, ինչպես մեր սպորտի նախարարությունը:
Գուցե ժամանա՞կն է արդարամտությունը վերականգնելու ու արհեստականորեն ստեղծած կանոնները վերանայելու: Գուցե ժամանա՞կն է հասկանալու, որ Հենրիխ Մխիթարյանն ամեն օր է այս երկրի համար ինչ-որ բան անում: Ու դուք էլ ամեն օր եք պատերի տակ հպարտանում Մխիթարյանով: Մի վախեցեք այդ մասին բարձրաձայնել»: