Մինչև տարեվերջ ակնկալում ենք ապահովել մոտ 1 տրիլիոն 73 մլրդ դրամ հարկային եկամուտ. Վ.Հարությունյան
Պետական եկամուտների կոմիտեն 2016թ. կավարտի մոտ 1 տրիլիոն 73 մլրդ դրամ հարկային եկամուտներով,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Նրա խոսքով՝ պետական բյուջեով նախատեսվել էր 1 տրիլիոն 129 մլրդ դրամ հարկային եկամուտ. «Մի քանի գործոնների ազդեցությունը հաշվի առնելով՝ հարկային մուտքերը պետք է կազմեին 1 տրիլիոն 44 մլրդ դրամ, սակայն վարչարարության արդյունքում մինչև տարեվերջ ակնկալում ենք հավաքագրել 27 միլիարդ դրամով ավելի հարկային եկամուտ»:
Կոմիտեի նախագահի գնահատմամբ, հավաքագրման արդյունքների վրա ազդեցություն թողած հանգամանքներից են եղել ԱԱՀ-ի հարկման շեմի բարձրացումը, ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների ազատումն ԱԱՀ-ից, նաև միությունից պակաս փոխանցված մաքսատուրքն ու հետ վերադարձված ավելացված արժեքի հարկի գումարի աճը, ինչպես նաև բյուջեի հիմքում դրված անվանական ՀՆԱ-ի աճի տեմպերը:
Վարդան Հարությունյանը, ներկայացնելով գալիք տարվա անելիքները, նշեց, որ նախատեսվում է ներդնել մաքսային մուտքի անդորրագրերի մշակման համակարգ, որը հնարավորության կտա ֆիզիկական անձանց կողմից ուղևորային հայտարարագրի հիման վրա պարզեցված եղանակով իրականացնել ապրանքների և մաքսային վճարների հաշվառում։ 2017թ.-ին գործարկվելու է նաև ռիսկերի կառավարման նոր համակարգ՝ ապահովելով «կանաչ ուղի» ընթացակարգի տեսակարար կշռի բարձրացում՝ միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների առաքանիների մաքսային հաշվառման համակարգին են ինտեգրվելու դեռևս համակարգին չմիացած 10 սուրհանդակային ծառայությունները, ինչը կապահովի առաքանիների հաշվառում և նախատեսված վճարների իրականացում առանց քաղաքացիների՝ մաքսային մարմիններ ներկայանալու պահանջի։
Հարակից հրապարակումներ`
- Էս բանանի պատմությունը սարքել եք տժվժիկի պատմությունը. ՊԵԿ նախագահ
- Գործարար աշխարհը պետք է հասկանա, որ պատվաբեր է հարկ վճարելը, ոչ թե կաշառք տալով խնդիրներ լուծելը. ՊԵԿ նախագահ
- Նախորդ տարվա համեմատ այս տարի պետական բյուջեի հարկային եկամուտների աճը կազմել է 3.9 միլիարդ դրամ