Սպորտի նախարարությունը` Հայաստանի «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգի հնարավոր փոփոխությունների մասին
Հետևելով վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված 2016 թ. մարզական բարձր ցուցանիշների հասած Հայաստանի մարզիկների պարգևատրման արարողության շուրջ ծավալված բուռն քննարկումներին, որոնցում շատ դեպքերում այն հանիրավի նույնացվում է հասարակական կազմակերպության կողմից անցկացվող 10 լավագույն մարզիկների մրցույթի հետ և մտահոգված լինելով տարաբնույթ արձագանքներով՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ցանկանալով ընդառաջ գնալ մարզասեր ողջ հանրությանը, հայտարարում է, որ սկսելու է քննարկումներ` խնդրո առարկայի շուրջ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների, մասնագետների հետ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այսուհետ ևս շարունակելու է խրախուսել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին՝ համաձայն ՀՀ կառավարության 5 նոյեմբերի 2015 թ. N 1282-Ն որոշման: Հասկանալով, սակայն, համայն հայության մարզական ներուժի գնահատման և այդ գործընթացներում ողջ հայությանը մասնակից դարձնելու հնարավորության ստեղծման հրամայականը՝ նախարարությունը կարծում է, որ այլևս անհրաժեշտություն է Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգի հաղթողին` միարժեքորեն որպես չափանիշ դիտարկելով հայ ժողովրդի այն արժանի զավակներին, որոնք հայ ինքնության արժանապատիվ կրողը լինելով՝ նպաստում են այդ ինքնության ճանաչմանը, մեր հայրենիքի ըստ արժանվույն ներկայացմանը աշխարհին:
Սա է այն տեսլականը, որի շուրջ ուզում ենք քննարկումներ ծավալել հանրության տարբեր շերտերի, ոլորտի մասնագետների, փորձագետների լայն շրջանակների հետ՝ նպատակ ունենալով 2017 թ. արդեն ստեղծելու հայ ինքնության և Հայաստանի ճանաչելիության տարածման, մեր արժեքների հանրահռչակման մարզական դեսպանի ընտրության տարակարծություններից, թյուրըմբռնումներից հնարավորինս զերծ համակարգ:
Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի և այն իրագործելու համար մեր կողմից որպես նախնական ձևաչափ առաջարկվող տարբերակի շուրջ համախմբել համայն մարզասեր հայությանը, ի մի բերել բոլոր կարծիքները: Հաշվի առնելով խնդրի հանրային մեծ հնչեղությունը՝ ակնկալում ենք բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը: