Վարդան Հարությունյանը՝ բիզնես դասի տոմսով թռչելու մասին
Համոզված եմ՝ ինձ ճանաչողները գիտեն, որ նոր չէ, որ ես բիզնես դասի տոմսով եմ թռչել կամ թռչելու եմ: Պատրաստ եմ եղել՝ ընդհանրապես բյուջեի հաշին չգնալ, ուղղակի գործառույթները թույլ չեն տվել. քանի որ գործում է եղել, ձևակերպվել է էկոնոմ դասի տոմս, տարբերությունը վճարել եմ ես,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի այն հրապարակմանը, որ՝ «ՊԵԿ-ը առանց որևէ բարդությունների ետադարձով դեպի Մոսկվա 1 բիզնես դասի տոմսի համար վճարել է 466.000 դրամ: Այս դեպքում էլ ամենայն հավանականությամբ բիզնես դասով թռչելու և շարքային ուղևորներից իրեն զատելու ցանկություն է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը»:
«Ուզում եմ ևս մեկ անգամ հնչեցնել՝ այստեղ գալով ես չեմ փորձում Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ու սկսեմ թռչել էկոնոմ ավիատոմսով, որ դուր գամ հասարակությանը: Ոչ: Ես թռչելու եմ բիզնես ավիատոմսով ու թռչելու եմ իմ հաշվին, եթե պետության ընթացակարգերը թույլ կտան: Եթե ես իմ կոմֆորտի համար ուզում եմ թռչել բիզնես դասով, ոչ մեկ իրավունք չունի ինձ արգելելու կամ քննադատության թիրախ դարձնելու՝ ինչի համար է բիզնեսով երթևեկում: Նորմալ երևույթ է, ես հնարավորություն ունեմ վճարելու ոչ բյուջեի հաշվին, վատ բա՞ն եմ անում:
Հեծանիվով ման չեմ գալու, ձիով ման չեմ գալու»,- ասաց Վ.Հարությունյանը:
Վարդան Հարությունյանն ունի երկու առանձնատուն, երեք բնակարան եւ 12 հողամաս: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 1 Range Rover 4.4 L V8, 1 Mercedes-Benz S 500 եւ 1 UAZ 469 տեսակի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա մի ընկերությունում (անունը նշված չի հայտարարագրում) 309 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմս ունի, իսկ ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություն է տվել: Բացի այս ամենը, Վարդան Հարությունյանն ունի 8 միլիոն դրամը գերազանցող երկու ժամացույց եւ մեկ նկար: ՊԵԿ նախագահ նշանակվելու օրվա դրությամբ նա ունեցել է ավելի քան 45 միլիոն դրամ, 110 եվրո եւ 54 հազար ԱՄՆ դոլար: Վարդան Հարությունյանը «Գազպրոմ Արմենիա»-ն ղեկավարելով, միայն ընթացող տարում, վաստակել է 123 միլիոն դրամ, իսկ տված փոխառությունների (որը կարող է լինել ավանդի տեսքով) դիմաց ստացել է 121 հազար ԱՄՆ դոլար եկամուտ: