Արցախի Ազգային ժողովում սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն հաջորդ տարի
Այսօր Արցախի Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստում ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արարատ Դանիելյանը ներկայացրել է Սահմանադրության նախագծի բոլոր գլուխներն ու հոդվածները և պատասխանել պատգամավորների առաջադրած հարցերին և առաջարկություններին: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Սահմանադրության նախագծի մասին հարակից զեկույցով հանդես է եկել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արսեն Առստամյանը:
Ընդմիջելով Սահմանադրության նախագծի քննարկումներն Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը կոչ է արել պատգամավորներին ու խմբակցություններին ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնց մասնագիտական հանձնաժողովը կանդարադառնա գալիք տարվա հունվարին:
Նիստի ավարտին Աշոտ Ղուլյանը ներկայացրել է նստաշրջանի ընթացքում խորհրդարանի կատարած աշխատանքի համառոտ նկարագիրը և շնորհակալություն հայտնել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին՝ հետևողական աշխատանքի համար:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Սահմանադրության նախագծով սահմանների մասին հոդվածը տարածվում է նաև Շահումյանի, Գետաշենի վրա. Պատգամավոր
- Արցախի Սահմանադրության նախագիծը լրամշակվել է