Իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից. Կարեն Կարապետյան
Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում էվոլուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից, այդ իսկ պատճառով համակարգում պետք են արմատական բարեփոխումներ: Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջակություններ ոլորտի բոլոր բիզնես պրոցեսներում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքային մոտեցումները՝ տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները՝ պրակտիկորեն բացառելով քաղաքացիների անմիջական շփումները որոշումներ կայացնողների հետ, ձևավորել որոշումների կայացման կենտրոնական մարմին, վերանայել հաշմանդամության սահմանման գործող չափորոշիչները՝ հստակ տարանջատելով հիվանդ լինելը և հաշմանդամություն ունենալը, յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանելով քաղաքացուն անհրաժեշտ ծառայությունների ծավալը և սոցիալական երաշխիքների համակարգը, ներկայացնել առաջարկություն նոր անձնակազմ ձևավորելու, նրանց որակավորման ներկայացվող պահանջների, թվաքանակի և վարձատրության մեխանիզմների վերաբերյալ:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ նպաստների ծրագրի արդյունավետության ու հասցեականության ավելացման համար առաջին հերթին պետք է բարեփոխումներ իրականացնել անապահովության գնահատման մասով:
«Կառավարության ծրագրի համաձայն պետք է իրականացվեն անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայում՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը»,- նշեց վարչապետը:
Ըստ այդմ, հանձնարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ անապահովության գնահատման համակարգում ամեն գնով երեսուն միավոր ձեռք բերելու մղումն ապախթանելու և ընտանիքի առաջնային կարիքները հոգալու խթանների ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ:
«ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ առաջարկություն ներկայացնել անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահով ընտանիքներին տրամադրվող առողջապահական ծառայությունների հասանելիությունը և հասցեականությունը մեծացնելու ուղղությամբ: ՀՀ մարզպետներին՝ առաջարկելով քաղաքապետերին անձնական հսկողության տակ վերցնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման օրինականության ապահովման հարցը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Զբաղվածության պետական ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացման նպատակով վարչապետը հանձնարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում առաջարկել զբաղվածության պետական ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցների վերաբաշխում հետևյալ հիմնական մոտեցումների ներքո՝ բարձր միջին ծախս ունեցող ծրագրերից միջոցների ուղղում առավել ցածր միջին ծախս ունեցող ծրագրերին մեր սահմանափակ ռեսուրսներով՝ ավելի մեծ քանակությամբ շահառուների սպասարկելու համար: Զբաղվածության պետական գործակալության պահպանման ծախսերի առավելագույնս օպտիմալացում, ծրագրերի հնարավորինս պատվիրակում առավել մասնագիտացված պետական կառույցներին:
Բացի այդ, աշխատանքի տեղավորման աջակցության արդյունավետության բարձրացման նպատակով առավելագույնս պարզեցնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները, մշակել զբաղվածության ոլորտի տեղեկատվական համակարգի լիարժեք կառավարման լուծումների ապահովման ժամանակացույցը:
Վարչապետը նշեց նաև, որ կենսաթոշակների ոլորտի վերաբերյալ արդարացի և արդյունավետ ծախսերի կատարման համար կարևորագույն խնդիր է աշխատանքային ստաժների ճշգրիտ հաշվարկումը: Այստեղ առկա բոլոր բացերին լուծումներ տալու համար վարչապետը հանձնարարեց ներկայացնել առաջարկներ՝
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և Ազգային արխիվի միջև քաղաքացիների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով փոխանակության համակարգի գործարկման համատեղ ապահովման վերաբերյալ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Ֆինանսների նախարարին՝ ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերի վերհանման և բացառելու ուղղությամբ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին՝ բացառել աշխատանքային ստաժի հաշվառումն առանց հիմքերի տրված փաստաթղթերի հիման վրա, մշակել և ներդնել աշխատանքային ստաժի հաշվարկման իրավաչափության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու արդյունավետ համակարգ, այդ թվում՝ ռիսկերի վրա հիմնված վերլուծություններ իրականացնելու միջոցով: Աշխատանքներ տանել աշխատանքային գրքույկների թվայնացման ուղղությամբ: