Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է:
«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և ծիծաղ, և հումոր»:
Նման համոզմունք է ունեցել դերասան Մհեր Մկրտչյանը և իր դերասանական գործունեության ողջ ընթացքում նա հավատարիմ մնաց իր համոզմունքին՝ խաղաց ամեն ինչ ու խաղաց մեծ վարպետությամբ, պրոֆեսիոնալ, անկրկնելի: Մնաց բոլորի հիշողությունում:
Այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է:
1993 թվականի դեկտեմբերի 29-ին նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն հրաժեշտ տվեց կյանքին:
«Մհեր Մկրտչյանն իրականում բացառիկ անձնավորություն էր: Բնությունը նրան տվել էր ամեն ինչ՝ դերասանական ունակություն, խելք, հարաբերակցվել մարդկանց, դերասանների, արվեստագետների հետ:
Մեծ դերասան է: Իհարկե, իր մասին պետք է հիշել, պետք է խոսել իր մասին ֆիլմերով, հեռուստահաղորդումներով, որովհետև դա է թույլ տալիս երիտասարդներին ավելի լավ իմանալ մեր մեծերին, հասկանալ ինչ ճանապարհ են անցել, ինչպես են հասել այն ամենին, ինչին հասել են: Կարևոր է տեսնել, իմանալ այդ ճանապարհը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կինոգետ, Հայկական ազգային կինոակադեիայի խորհրդի անդամ Անետա Երզնկյանը:
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մ.Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան)։
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվում է «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։
Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):
Դերասանուհի Ժենյա Ավետիսյան (frunzik.com)
«Ես այն երջանիկներից եմ, որ աշխատել եմ Մհերի հետ և եղել եմ իր խաղընկերը։ Նա վառ անհատականություն էր։ Մհերը հիմա կա, ապրում է։ Մհերր մեր ազգային հարստությունն է։ Հիմա, երբ նայում եմ մոսկովյան դերասանների հետ նրա կինոնկարները, մեկ անգամ ևս համոզվում եմ, որ նա իսկապես հայ ժողովրդի պարծանքն ու պատիվն էր։ Մհերի հետ առաջին մեր հանդիպումը եղել է ուսանողական տարիներին։ Իր առաջին կնոջ՝ Դոնարա Մկրտչյանի հետ մենք եղել ենք համակուրսեցիներ։ Նա էլ իմ ամենամտերիմ ընկերուհին էր։ Ֆրունզիկն ու Դոնարան ծանոթ էին դեռ Լենինականից, ուսանող տարիներին էլ ամուսնացան։
Ֆրունզիկ Մկրտչյանը վառ երևակայություն ուներ։ Սաղաթել Հարությունյանի «Միայն մարդն է ուղիղ քայլում» պիեսում, որը բեմադրել էր Վարդան Աճեմյանը, ես խաղում էի հերոսուհու՝ Այծեմնիկի դերր, Մհերն էլ պետք է խաղար Արգամ։ Նա անընդհատ իր մտահղացումներով շեղում էր Վ. Աճեմյանին, այնքան, որ Աճեմյանն ասաց.
— Ես այլևս չեմ կարող աշխատել այս բեմադրության վրա։
Եվ Մհերը դուրս եկավ։ Հետո նրան փոխարինեց Վլադիմիր Աբաջյանր։
Մենք հարևաններ էինք և, բնականաբար, մտերիմներ։ Եվ կենցաղում, և արվեստում միասին էինք։ Երջանկություն էր Մհերի հետ խաղընկեր լինելը։ Այնպես ստացվեց, որ ես նրա հետ խաղացի «Խաթաբալայում»։ Ամեն անգամ, երբ Ֆրունզիկր բեմ էր բարձրանում, հանդիսատեսի և մեզ համար տոն էր։ Նա երբեք մի ներկայացումը մյուսի նման չէր խաղում։ Եվ ամենակարևորը, օգնում էր խաղընկերոջը՝ ստիպելով նրան խաղալ։ Թատրոնը մի ընտանիք էր, որտեղ ամեն մեկս ապրում էինք մյուսի թե ուրախությամբ և թե տխրությամբ։ Ֆրունզիկը որ գնում էր արտասահման, բոլոր կին դերասանուհիների համար ուլունքներ, շղթաներ էր բերում։
Գնում էինք համերգների. Մհերը երբ մտնում էր բեմ, այդ ո՜նց էր կարդում.
«Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում»։
Իսկական ասմունքողն իրենն էլ պետք է դնի, իր անհատականությունը, իր ասելիքը հաղորդի։ Այ, Մհերին հաջողվում էր այդպես կարդալ։ Ֆրունզիկի մասին ինչ էլ որ ասեմ, քիչ կլինի, որովհետև նա իսկապես մեծություն էր։ Ֆրունզիկին նայելու էին գալիս հեղինակություններ՝ Մարտիրոս Սարյան, Օհան Դուրյան։ Թատրոնը հանդիսատես ուներ, լավ հանդիսատես։ Ծափով սկսվում էր, ծափով վերջանում։ Ֆրունզը զարդարում էր թատրոնը։ Մենք՝ բոլոր դերասաններս, երազում էինք խաղալ այն ներկայացման մեջ, որտեղ Ֆրունզիկն էր խաղում, քանի որ այդ ներկայացումը երկար կյանք էր ունենում։ Մի անգամ Փափազյանին հարցրեցինք, թե ինչ կարծիքի է դերասանների մասին, ասաց. «Ֆրունզիկը ծնունդով դերասան է, աստծո կողմից օժտված, միայն նրան պետք է կարողանալ ղեկավարել»։
Նա շատ նուրբ մարդ էր։ Զարմանալիորեն նրբանկատ էր նաև իր ընկերների հանդեպ, և իր մեջ ներքին մեծ կուլտուրա ուներ։ Նրա բերանից երբեք հայհոյանք չէիր լսի։ Կարողանում էր կարդալ մարդկանց հոգիները։ Գիտեր մարդկանց հետ շփվել։ Այդպիսի մարդ չկար, որ Մհերին չսիրեր։ Հասնող էր, անսահման բարի, հոգատար։ Երբ տղաս պետք է ծնվեր, հինգ րոպեն մեկ զանգում էր.
— Ժենյա Ավետիսյանն ի՞նչ ունեցավ։ Նրան լավ նայեք։
Ես միայն կարող եմ հպարտանալ, որ նրա ժամանակակիցն եմ եղել, խաղացել եմ նրա հետ։ Ֆրունզն ազգային էր։ Նա մեծ քաղաքացի էր, մեծ հայ»։
Լուսանկարները՝ տարբեր աղբյուրներից
Տեսանյութը՝ արխիվից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում