Փոքրիկ Գոռի բուժման անհրաժեշտ գումարը հավաքվել է
Հնգամյա Գոռին ծնողները հունվարի կեսերին կտեղափոխեն Գերմանիա: Բանակի կադրային սպա, կապիտան Վարուժան Եղոյանը Panorama.am-ին ասաց, որ որդու բուժման համար պակասող գումարը՝ 9 հազար եվրո անհայտ բարերարը փոխանցել է:
Երկու տարեկանից Գոռի մոտ սկսվել են էպիլեպսիկ ցնցումներ, դրանք ժամանակի ընթացքում հաճախացել են: Գլխուղեղի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կիստա կա: Հայաստանում բուժումներն արդյունք չեն տվել:
«Այսօր էլ երեխայի վիճակը ծանր է: Լուրջ փոփոխություններ չկան: Դրա համար ենք ուզում տանել Եվրոպա»,-ասաց հայրը:
Վարուժան Եղոյանի խոսքով, բուժման մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի մեծ մասը պատրաստ է, տոնական օրերից հետո կլուծվի նաև անձնագրերի հարցը:
«Հունվարի կեսերից հետո երեխային կտեղափոխենք Գերմանիա: Բժիշկների հետ նախնական պայմանավորվածություն ունենք»,-ասաց նա:
Տեղ հասնելուն պես երեխան կենթարկվի անհրաժեշտ հետազոտությունների, որոնց արդյունքում կկատարվի ճշգրիտ ախտորոշում, կսկսեն բուժումը:
«Հայաստանում իրականացրած հետազոտությունների արդյունքների ու իրենց պրակտիկայի հիման վրա գերմանացի բժիշկները մեզ ասել են, երեխայի բուժումը հնարավոր է կամ վիրահատական միջամտությամբ, կամ դեղորայքային բուժումով: Ախտորոշումից հետո արդեն հստակ կլինի ամեն ինչ»,-ասաց Վ. Եղոյանը:
Գոռն ընտանիքի միակ երեխան է: Հիվանդության պատճառով խոսել չի կարողանում: Ձմեռ պապին նամակ չի գրել, ցանկությունների մասին չի բարձրաձայնել:
«Մի քանի բառ է ասում: Բայց մենք էլ անում ենք հնարավորը, մեր ձեռքից եկածը, որ իր պատկերացումներն իրականություն դարձնենք: Իր համար ամենամեծ նվերը կլինի բուժումը»,-ասաց հայրը:
Հիշեցնենք, որ Գերմանիա մեկնելու և բուժումը կազմակերպելու համար պետք էր 13.000 դոլար: Ընտանիքը կարողացել էր հայթայթել 3.000 դոլարի չափ գումար (այդ թվում՝ վաճառքի էր հանվել Վարուժանի ավտոմեքենան), մնացած 10.000 դոլարի խնդրանքով Գոռի ծնողները դիմել էին բարի մարդկանց օգնությանը: