Սոցիալական հարցերի նախարարությունը չպետք է զբաղվի այն բաներով, որն ինքը կատարում է ավելի վատ, քան ուրիշները. վարչապետ
Ժամանակավոր անաշխատունակության և աշխատող քաղաքացիների մայրության նպաստների նշանակման և վճռման արդարացիությունն ու արդյունավետությունն ապահովելու համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ներկայացնել առաջարկություններ նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերի կենտրոնացման վերաբերյալ:
Բացի այդ, Առողջապահության նախարարությանը և ՀՀ մարզպետներին, տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկեց՝ ուժեղացնել հսկողությունը բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրման գործընթացի նկատմամբ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ առաջարկություններ ներկայացնել նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ հսկողությունը, արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Անդրադառնալով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներին՝ Կարեն Կարապետյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց՝ ներկայացնել առաջարկություններ գործատուների կողմից խնամքի արձակուրդի ժամանակահատվածի սկիզբը կամ վերջը եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի մուտքագրելու կապակցությամբ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ:
«Կարծում եմ, որ հստակ ձևակերպել ենք այն միջոցառումները, որով մենք ակնկալում ենք շատ ավելի պարզեցված համակարգ, ավելի արդյունավետ գումարների օգտագործում, ավելի մեծ դաշտ, որոնց գումարը կհասնի, և հասցեագրված, ինչպես նաև սոցիալական հարցերի նախարարությունը չպետք է զբաղվի այն բաներով, որն ինքը կատարում է ավելի վատ, քան ուրիշները»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ աշխատանքի զբաղվածության հարցով իրենք կատարում են գյուղատնտեսական խնդիրներ, բիզնես խնդիրներ, ուսուցման խնդիրներ և այլն:
«Այս բոլոր գործառույթները պետք է լիազորել՝ համապատասխան դաշտը նշելով, զանգվածը նշելով՝ ում համար ենք դա անում, որպեսզի կատարեն համապատասխան կառույցները: Ռեալ շատ կարևոր հանձնարարական է, պրինցիպիալ տրամաբանությունն ու փիլիսոփայությունը փոխող: Մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, ամեն կերպ փորձում է սոցիալապես անապահով դաշտում հայտնվել: Եվ այդ իսկ պատճառով մեր սոցիալական նպաստների թիվն աճում էր, փաստ չէր, որ հասնում էր նրանց, ում որ կարիք կա, և մենք դեմոտիվացնում էինք մարդկանց աշխատելու կամ որոնելու ցանկությունը»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին