Վասիլի Իվանչուկը՝ արագ շախմատի աշխարհի չեմպիոն
Երեկ Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը։ Վերջին մրցանակային օրը խաղացվեց ևս 5 տուր։ Ընդհանուր 15 տուրի արդյունքում Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկը 11 միավորով դարձավ արագ շախմատի աշխարհի չեմպիոն։ Նույնքան միավորով 2-րդն Ալեքսանդր Գրիշչուկն է, իսկ 3-րդը՝ դասական շախմատում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Վերջինս այնքան էլ բարեհաջող չէր սկսել մրցաշարը, և թվում էր, որ այս անգամ կզիջի դիրքերը։ Սակայն մրցանակային վերջին օրը նա տարավ 4 հաղթանակ՝ փոխելով իրավիճակը։ Կարլսենը շնորհավորեց չեմպիոնին՝ նշելով, որ եթե նա մնացած պարտիաներն էլ խաղացել է այնպես, ինչպես իր հետ, ապա արժանի է չեմպիոնի կոչմանը։
Լևոն Արոնյանը վերջին օրը կրեց մեկ պարտություն, տոնեց մեկ հաղթանակ և 3 պարտիա ավարտեց ոչ-ոքիով։ Մրցաշարային առաջին օրվանից հետո նա լավագույն եռյակում էր, սակայն 9,5 միավորով մրցաշարն ավարտեց 9-րդ հորիզոնականում։ 9 միավոր վաստակեց գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը՝ կիսելով 14-22-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ միավորներով զբաղեցրեց 18-րդ տեղը։ Վլադիմիր Հակոբյանն իր ակտիվում գրանցեց 8 միավոր՝ զբաղեցնելով 39-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ արագ շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցում էր 106 շախմատիստ։ Այս մասին հայտնում է armchess.am-ը։
Այսօր կմեկնարկի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։