Ռոստոմյան. «Առողջ սերունդը կայուն և հզոր ապագայի գրավականն է»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոտոմյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Կողմերը խոսել են սպորտի և երիտասարդության քաղաքականության ոլորտում երկու երկրների համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի մասին: Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել 2016 թ. ընթացքում նախարարության կողմից իրականացված ծրագրերից մի քանիսը:
«Կարևորը ոչ միայն սպորտում առկա մարզական բարձր արդյունքներն են, որոնք մեր մարզիկները գրանցել են անցնող մրցաշրջանում, այլ նաև մասսայական սպորտը, մասնավորապես` նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ընդգրկվածությունը մարզական միջոցառումներում: Առողջ սերունդը կայուն և հզոր ապագայի գրավականն է»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարը խոսել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ որպես բասկետբոլային գերտերության փորձն ուսումնասիրելու և մեր երկրում կիրառելու մասին:
«Ամերիկահայ 7 բասկետբոլիստներ ընդգրկված են Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի կազմում: Նրանք ամերիկյան բասկետբոլի դպրոցում ձեռք բերած գիտելիքները կիրառում են մեզ մոտ: Ահա սպորտում համագործակցության ևս մեկ փայլուն օրինակ»,- նշել է Ռոստոմյանը:
Դեսպան Միլսի խնդրանքով նախարարը ներկայացրել է նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:
«Ծրագրերը բազմազան և բազմատեսակ են: Որպես մեր որդեգրած քաղաքականության կարևորագույն բաղադրիչ կառանձնացնեմ իրականացվող ծրագրերի մարզակենտրոն լինելը: Բազմաթիվ ծրագրեր ենք մշակել և դրանք իրականացնում ենք հատկապես մարզերում»,- տեղեկացրել է նախարարը:
Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ ծրագրերի իրականացման գործում և հաջողություններ է մաղթել նախարարության բոլոր նախաձեռնություններին: