Մեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը. Գալուստ Սահակյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է մեր տարեգրության հերթական էջը. մենք շարունակում ենք միասին ստեղծել մեր պատմությունը` Հայաստան երկրի ու հայ ժողովրդի պատմությունը:
25 տարի առաջ` 1991 թվականին, Ամանորի և Սուրբ ծննդի տոներն առաջին անգամ նշեցինք որպես անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Այսօր` 2016 թվականին` մեր անկախ պետականության 25-րդ տարում, առավել քան վստահ ենք, որ կայացրել ենք սեփական ինքնիշխան պետություն կառուցելու այն միակ ճիշտ որոշումը, որը, բախտորոշ լինելով երեկ, այդպիսին է մնում այսօրվա ու վաղվա սերունդների համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, անկախության անցած ժամանակաշրջանի ոլորաններում հեշտ փուլեր չեն եղել:
2016 թվականը նույնպես իր փորձությունները մատուցեց մեզ, այդ թվում` ապրիլյան քառօրյա պատերազմը, ոստիկանության գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը, սիրիահայ և հատկապես հալեպցի մեր հայրենակիցների դժվարին ճակատագիրը և այլն: Սակայն, ինչպես միշտ, մենք ոչ միայն արժանապատվորեն հաղթահարեցինք այդ փորձությունները, այլև ամրապնդեցինք վստահությունը մեր ուժերի հանդեպ:
Ամրապնդեցինք մենք ինքներս` հասկանալով, որ ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու:
Ամրապնդեցինք արցախյան ռազմադաշտում` ի դեմս ապրիլյան պատերազմում մեր երիտասարդ նորօրյա հերոսների անձնազոհությունից ծնված հաղթանակի և վերահաստատված խաղաղության:
Ամրապնդեցինք համահայկական դաշտում` վերստին ընդգծելով, որ մեր յուրաքանչյուր հայրենակցի ճակատագիրը Թալիշում, թե՛ Երևանում, Տուլայում, թե՛ Հալեպում բոլորիս հոգածության ու մտահոգության խնդիրն է, որի լուծմանը ձեռնամուխ ենք լինում միասնական ուժերով:
Ամրապնդեցինք քաղաքացիական ըմբռնումներում` գիտակցելով, որ երկրի ներսում խաղաղությունը պակաս կարևոր չէ, որ հայրենիքը սիրելո'ւ համար է, պաշտպանելո'ւ և հզորացնելո'ւ համար, ոչ թե փորձաքար դարձնելու:
Ամրապնդեցինք օրենքի դաշտում` շարունակելով կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները, փոփոխություններ, որոնք 2017 թվականին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների միջոցով ապահովելու են անցումը պետական կառավարման նոր` խորհրդարանական համակարգի:
Անցնող տարին մեզ ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց համոզվելու ու ցույց տալու, որ գիտենք պետականության արժեքը, որ կարողանում ենք հստակ կողմնորոշվել պատմության և իրականության մեջ, որ ապագային չենք սպասում ձեռքներս ծալած,այլ միշտ ձգտում և շարժվում ենք առաջ:
Սիրելի՛ հայրենակիցներ, առաջընթացի ճանապարհին մեզ ոչ միայն մարտահրավերներ են սպասվում, այլև նոր հնարավորություններ: Մեր ժողովրդի ու մեր պետության ուժը, մեր միասնության ու մեր մշակույթի ուժը հզոր են ցանկացած վտանգից: Մեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը: Մաղթում եմ, որ բոլորս հավատանք ու վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք և արժանապատվորեն օգտագործենք մեր հնարավորություններն ու ներուժը, որպեսզի ապագան լինի ավելի անվտանգ ու ավելի ապահով, որպեսզի հաջորդ տարի այս նույն ժամանակ մենք կարողանանք հետ նայել ու անկեղծորեն ասել` անցնող տարին լավ տարի էր:
Համոզված եղեք, որ 2017 թվականին բոլորիս ջանքերի, այդ թվում` ազատ և լսելի ընտրական ձայնի միջոցով ունենալու ենք ավելի բարգավաճ և ավելի արդար Հայաստան, ավելի բարեկեցիկ ապրող և ավելի լավատես քաղաքացի:
Բոլորիդ ցանկանում եմ խաղաղություն և առողջություն: Թող գալիք տարին ավելի ամրապնդի ու ջերմացնի ձեր ընտանեկան մթնոլորտը, լավատեսությամբ լցնի բոլորիդ հոգիները:
Թող իրական երջանկությունը և հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիդ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան