Գյումրեցի երիտասարդների շնորհիվ մի անօթևան ընտանիքն էլ նոր տարին կդիմավորի իր բնակարանում
Գյումրեցի Մաթևոսյանների ընտանիքի մայրը ծննդատանն էր, երբ նրանց տնակ այցելեցին գյումրեցի երիտասարդները հոգևորականների ուղեկցությամբ: Ծննդկանիի սկսեսուրին հարևաններն են իմաց տվել` ձեր տուն լիքը մարդ է եկել: Վազքով տնակ հասած տատիկն այստեղ իմանում է լուրը` արդեն բնակարան ունեն: Հետո երիտասարդներն այցելում են ծննդատանը գտնվող մայրիկին, հայտնում բարի լուրը:
Երեք մանակահասակ երեխաներ ունեցող ընտանիքը կտրել էր հույսը, որ երբևէ սեփական բնակարանը կունենա: Տարեվերջին լույս աշխարհ եկած Տաթևիկը ծննդատնից իրենց տուն կգնա:
Գյումրու Բուլվարային թաղամասի 9 հարկանի շենքերից մեկի 7-րդ հարկի 3 սենյականոց գեղեցիկ բարեկարգ ու լուսավոր բնակարանում է բնակվելու ընտանիքը: Նրանք բնակարան ստանալու որևէ ցուցակում ընդգրկված չեն եղել:
Մաթևոսյաններին բնակարան նվիրելը հաջողվել է արդեն չորրորդ տարին իրականացվող
«1 բացիկ = 1 բնակարան» ծրագրի շրջանակում: Գյումրիում 2013 թվականից, Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ, իր գործունեությունն է սկսել նորաստեղծ «Բարեգործական ջոկատը»: Ջոկատի նպատակը միջնորդ դառնալն է օգնել ցանկացողների և օգնության կարիք ունեցողների միջև: Ջոկատը պարբերաբար իրականացնում է քաղաքում բնակվող մի շարք ընտանիքների կարիքների գնահատում, որից դուրս գալով էլ հնարավոր է դառնում լուծում տալ այս կամ այն ընտանիքի առաջնային խնդիրներին: 2013-ին, 2014-ին, 2015-ին ու 2016-ին մեկական անօթևան ընտանիքի այս ծրագրի շրջանակում բնակարան է նվիրվել:
Մաթևոսյանների տնօրհենքի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հույս հայտնեց, որ ծրագրի յոթերորդ տարով կսահմանափակվեն, Գյումրիում այլևս անօթևան ընտանիքներ չեն լինի:
Ծրագրի մասնակիցներից Գայանե Ավետիսյանը Panorama.am-ին ասաց, որ այս տարի Ջոկատի կամավորները բացիկի գնման ու ծրագրին միանալու առաջարկով դիմել էին ավելի քան 21 հասարակական կազմակերպությունների, 40 դիմած դպրոցներից մեծ մասը միացել է ծրագրին, 36 առևտրային կազմակերպություններից միացել են շուրջ 10-ը: Բացի այդ, Ազգային ժողովի 75 պատգամավորներին ուղարկվել են էլեկտրոնային նամակներ՝ ծրագրին միանալու առաջարկով. միանալու կոչին արձագանքել էին տեղի պատգամավորները:
Յուրաքանչյուր կիրակի, անկախ եղանակային կամ խնդիրներից՝ Ջոկատի կամավորները Սբ. Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու դիմաց իրականացնում էին բացիկների բաց վաճառք, որի ժամանակ գնորդներ էին դառնում բոլոր գյումրեցիները. յուրաքանչյուր գյումրեցի կարող էր 400 դրամ ներդրմամբ մեծ ծրագրի փոքր մասը կազմել: Այս տարի տպագրվել էր 11 000 բացիկ:
Մինչ շահառու ընտանիքին ընտրելը անօթևան ընտանիքներին տնայցեր ու կարիքների գնահատում է իրականացվում Կարևոր էր, որպեսզի ընտանիքը 1988 թվականի երկրաշարժից հետո բնակարան ստացած և վաճառած չլինի, չլինի հաշվառված բնակարան ստանալու համար, լինի բազմազավակ, լիարժեք ընտանիք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան