«Տոտենհեմը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հույս ունի գնել Իսկոյի տրանսֆերը
Մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն շարունակում է իր վրա բևեռել եվրոպական ակումբների ուշադրությունը։ Այս մասին հայտնում է sovsport.ru-ն։
Նշվում է, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Լոնդոնյան ակումբը պլանավորում է ձեռք բերել այդ ֆուտբոլիստի տրանսֆերը 2017 թ. հունվարին։
Հաղորդվում է նաև, որ «Տոտենհեմը» ցանկանում է օգտագործել Իսկոյի դժգոհությունը. վերջինս մադրիդյան թիմի հիմնական կազմի խաղացող չէ։ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է Իսկոյի համար տեղ երաշխավորել թիմի մեկնարկային կազմում։
Իսկոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 խաղի, խփել 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ «Transfermarkt»-ը նրա տրանսֆերը գնահատում է 35 մլն եվրո, իսկ մադրիդյան ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թ.։
Հարկ է նշել, որ, բացի «Տոտենհեմից», Իսկոյի տրանսֆերին հավակնում են նաև մյունխենյան «Բավարիան», «Միլանը» և լոնդոնյան «Արսենալը»։