Ալբերտ Ազարյան. դարբնի աշակերտից մինչև 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ
Ալբերտ Ազարյանն այն կենդանի լեգենդն է, ով իր անհասանելիին հասնելու համար նվիրել է ամբողջ մի կյանք ու թեև հաջորդ տարվա փետրվարի 11-ին կդառնա 88 տարեկան, սակայն «Առողջ մարմնում` առողջ հոգի» խոսքերի իսկական ապացույցի նման շարունակում է ապրել սպորտով` առանց մեկ օր անգամ պատկերացնելու իր օրն առանց սիրելի մարզաձևի:
Դարբնի աշակերտից մինչև 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, ով չի զլանում ամեն վայրկյան հիշել իր կյանքի լավագույն ակնթարթները, երևի թե արդեն հազարերորդ անգամ պատմել իր անցած ճանապարհի, ուսումնառության տարիների, սպորտով զբաղվելու, ընտանիքի և, իհարկե, «ազարյանական հայտնի խաչի» մասին, որը մինչ օրս չի հաջողվել կրկնել և ոչ մի մարմնամարզիկի` ոչ մի երկրում:
Panorama.am-ի հետ զրույցն Ալբերտ Ազարյանի հետ ավելի քան հետաքրքիր էր: Լեգենդար մարզիկը ոչ միայն պատմում էր ու հիշում, այլև յուրաքանչյուր լուսանկար մեկնաբանում յուրովի: Նախանձելի հիշողությամբ նա ակնթարթ առ ակնթարթ ներկայացնում էր իր նվաճումները, պատմում յուրաքանչյուր նվաճած մեդալի ու գավաթի մասին: Իսկ դրանք թվով շատ են: Բավական է միայն նշել, որ Ազարյանը մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում` նվաճելով 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալ:
«Սկզբում զբաղվել եմ ըմբշամարտով և ծանրամարտով, քանի որ Կիրովականում, որտեղ ընտանիքով տեղափոխվել էինք 1939 թ., չկար մարմնամարզության դպրոց: Թաղի տղաներով հավաքվում էինք և զբաղվում այդ մարզաձևերով: Նույնիսկ առաջարկ եղավ շարունակել ծանրամարտ մարզաձևով զբաղվելը, սակայն ես ասացի, որ մեջքս բարակ է և չեմ ուզում զբաղվել ծանրամարտով:
Հետո տեղափոխվեցինք Երևան, որտեղ 1948 թ. ընդունվեցի Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկում: Հենց այստեղ սովորելու տարիներին սկսեցի զբաղվել սպորտային մարմնամարզությամբ` Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ: Ֆիզիկապես ուժեղ էի, քանի որ ժամանակին դարբնի աշակերտ եմ եղել: Մարզիչս ինձ ինձ հանձնարարում էր, հստակ կատարում էի: 1951 թ. ինձ շնորհեցին ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, իսկ մեկ տարի անց դարձա Խորհրդային Միության չեմպիոն` օղակների վրա»,- պատմեց Ազարյանը:
Տեխնիկումում սովորելու տարիներին Ազարյանի կյանքում տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն, որը չենք սխալվի, եթե առավել դասենք իր բոլոր մարզական նվաճումներից: Երիտասարդ Ալբերտը, ով շատ աղջիկների երազանքն էր, սիրահարվեց Ախալցխայից Երևան տեղափոխված 19-ամյա Ելիզավետային: Ազարյանը պատմում է, որ աղջիկներն անգամ խանդում էին, թե ինչու է հենց նրան ընտրել:
«Բոլորը վազում էին իր հետևից` ինքն էլ` իմ»,- ժպիտով հիշեց տիկին Լիզան, ով Ալբերտ Ազարյանի հետ համատեղ ապրում է արդեն 63 տարի:
Տիկին Ելիզավետան նույնպես մարզական կարիերայի սկզբում ճաշակել է մեդալի հակառակ կողմում առկա դառնությունը:
«Վրաստանում մասնակցել եմ մրցումների, գրավել առաջին տեղը, սակայն իմ մեդալը վերցրեցին ու տվեցին վրացի աղջկան: Պատճառը հայկական ազգանունս էր, ասում էին, որ այն փոխեմ: Պատճառաբանեցին, թե միավորների հաշվարկը սխալ է եղել և այդպես ինձ տվեցին 2-րդ տեղը: Արտասվելով եկա տուն, հորս պատմեցի, թե ինչ է կատարվել: 16 տարեկան էի, չէի հասկանում, թե ինչու ինձ հետ այդպես վարվեցին և հայրիկիս հարցրեցի` կարո՞ղ է վրացի դառնալ, ինքն էլ բարկացավ և ասաց, որ Էրզրումից 8 տարեկան հասակում եկել է ու թուրք չի դառել, հիմա վրացի՞ դառնա: Հենց այդ ժամանակ ինձ ասաց, որ հավաքեմ իրերս ու գամ Հայաստան և որ իմ տեղն այստեղ է: Եկա այստեղ, առանց քննության ընդունեցին տեխնիկում և հավաքականի կազմ: Այդ տարին էլ միանգամից գնացինք Լենինգրադ մրցումների»,- իր հուշերով կիսվեց տիկին Լիզան:
Աղջիկները խանդում էին Ազարյանին, նա էլ` Ելիզավետային և նույնիսկ իր խանդի պատճառով մի քանի անգամ հայտնվել է զվարճալի իրավիճակում:
«Մի անգամ գնացել էինք գնումներ կատարելու, մեկ էլ նկատեցի, որ մի տղա չափազանց ուշադիր նայում է մեզ, զայրացա, թե ինչու է այդքան ուշադիր Լիզային զննում: Նա էլ ասաց, որ ոչ թե Լիզային է նայում, այլ ինձ է ճանաչել»,- պատմեց Ազարյանը:
Ելիզավետան նույնպես սովորում էր նույն տեխնիկումում` մեկ կուրս ցածր և կրկին զբաղվում էր մարմնամարզությամբ: Ընկերացել են, սկսել են շփվել, միասին մրցումների են մեկնել, հետո ամուսնացել ու արդեն 63 տարի է միասին են:
1953 թ. Լենինգրադում տեղի ունեցած մրցումների ժամանակ Ալբերտ Ազարյանը կատարեց «Ազարյանական խաչ» վարժությունը, որը սկզբում նրա համար կարող էր որակազրկման պատճառ դառնալ, բայց հետո հենց նույն վարժությունը նրա առաջ դռներ բացեց ԽՍՀՄ հավաքականի առջև:
«Հայաստանի թիմը ուժեղ էր, սակայն մրցավարները մեզ միտումնավոր ցածր էին նշանակում, որ չկարողանանք հաղթողի կոչումը նվաճել: Երբ հարցրի, թե ինչու են մեզ հետ այդպես վարվում, մարզիչն ասաց, որ խաչերը պետք է 3 վայրկյան պահել: Վերջում իմ ելույթն էր, ու 4 մրցավար էին այն դատում՝ 2-ը կանգնած էին իմ առջևում, 2-ը՝ հետևում: Վարժությունը սկսեցի մեծ ոգևորությամբ ու յուրաքանչյուր մրցավարին առանձին հարցնում էի՝ «Բավակա՞ն է պահել», նրանք էլ պատասխանում էին՝ այո կամ էլ գլխով էին անում: Այդ խաչը պատահաբար կատարեցի, այն կարծես իմ պատասխանը լիներ մրցավարների գործողություններին»:
Մրցավարների հետ խոսելու համար էլ Ազարյանին որակազրկում էր սպառնում, սակայն նույն այդ մրցավարներից մեկը գովեստի խոսքեր ասելով` շտկել է իրավիճակն ու բացատրել, թե որքան բարդ հնարք է կատարել մարզիկը, որը կարող էր թանկ նստել նրա վրա` վնասվածքի տեսքով: Հնարքը հետագայում կոչվեց Ազարյանի անունով: Վարժությունն ամբողջությամբ լուսանկարի տեսքով փակցված է մարզիկի աշխատասենյակում: Իհարկե, պակասում են որոշ նկարներ:
«Լրագրողները վերցրել են վերադարձնելու պայմանով ու մոռացել»,- բարի ժպիտով ասաց Ազարյանն ու ավելացրեց, որ դա իր կյանքի պատմությունն է, իր հիշողություններն ու կենսագրությունը:
Լեգենդար մարզիկի հուշերը հետո մեզ տարան բոլոր այն քաղաքները, որտեղ նա մասնակցել էր տարբեր մրցաշարերի ու մրցումների` արժանանալով բազմաթիվ մեդալների: Չինաստանում կայացած միջազգային մրցումներից մինչև աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական չեմպիոն ճանապարհը բարդ էր, բայց հաղթահարելի: 1956 թ. Մելբուռնում մասնակցեց իր առաջին Օլիմպիական խաղերին, որտեղ նվաճեց 2 ոսկե մեդալ՝ օղակների վրա ու թիմային հաշվարկով: Այդ հաջողությունը նա կարողացավ կրկնել նաև 4 տարի անց Հռոմում կայացած Օլիմպիադայում ու դարձավ միակ հայ մարզիկը, ում հաջողվել է 3 անգամ նվաճել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ:
Ալբերտ Ազարյանը մարզական կարիերան ավարտել է 1964 թ., սակայն շարունակել է մնալ մեծ սպորտում: Չնայած արտասահմանում ունեցած բազմաթիվ առաջարկներին, գերադասել է մնալ Հայաստանում, այստեղ զարգացնել ու տարածել մարզաձևը:
«Նախկինում պայմաններն այլ էին: 233 մարմնամարզության դահլիճ կար, հազարավոր երեխաներ զբաղվում էին սպորտով, իսկ այժմ Հայաստանում մարզադպրոցների թիվը երկուսն է: Այդ պատճառով էլ այն Հայաստանում չի զարգանում»,- ցավով նշեց Ազարյանը:
Այդուհանդերձ, իր անվան մարզադպրոցում, որի կառուցման աշխատանքներին ինքն է անգամ մասնակցել, մարզվում են տաղանդավոր երեխաներ, որոնցից սպասելիքները մեծ են: Ազարյանը նրանց համարում է իր երեխաները, ցավում է նրանցից յուրաքանչյուրի համար և հուսով է, որ գոնե մի քանիսը կհասնեն մեծ հաջողությունների:
«Ես այս երեխաների պապիկն եմ: Ուզում եմ, որ իմ 300-ից ավել երեխաները դառնան լավ մարդ: Շատ հետևողական եմ նրանց արտաքինին` հատկապես տղաների առումով: Ուզում եմ, որ տղան տղա մեծանա: Մարզադպրոցի աշխատանքները լավ են ընթանում: Հույսերը մեծ են»:
Ինչ վերաբերում է սեփական երեխաներին, ապա Ազարյան զույգն ունի 4 երեխա, 7 թոռ ու 4 ծոռ: Ծնողների սպորտային ուղին շարունակել է միայն Էդուարդը, ով 1980 թ. Մոսկվայում դարձել է Օլիմպիական չեմպիոն:
Առջևում ամանորն է և օրինակելի զույգը սովորականի նման պատրաստվում է տոներին: Ամանորը նրանք դիմավորում են միասին: Այդ օրը չեն սիրում հյուր գնալ, այլ նախընտրում են մնալ տանը: Հաջորդ օրն արդեն գալիս են հյուրերն ու թոռները: Տիկին Լիզան նշեց, որ Հայաստանում տոնն ասես կորցրել է իր իմաստը` ճոխ սեղաններ, ցուցամոլություն, լարվածություն, հոգնածություն:
«Երբ երիտասարդ էի, դիմանում էի ծանրությանը` սեղան պատրաստել, հավաքել, եփել, թափել, հյուրեր ընդունել ու ճանապարհել, հյուր գնալ, իսկ հիմա դժվարանում եմ: Հոլանդիայում այդպիսի օրենք չկա, որ գնան տները պտտվեն: Այնտեղ զանգում շնորհավորում են կամ արկղերով նվերներ են ուղարկում` դնելով այն դռան առաջ` բացիկներ, ծաղիկներ, մրգեր, խմիչքներ…Ինձ շատ դուր եկավ այդ ամենը, երբ ապրում էինք Հոլանդիայում: Այստեղ ամեն ինչ նույնն է: Եկան շնորհավորելու, պարտադիր պիտի դու գնաս նույն մարդու տուն»,- ասաց տիկին Լիզան:
Որքան էլ արտերկրում պայմաններն այլ լինեն, Ալբերտ Ազարյանը սիրում է Հայաստանը, սիրում է իր ժողովրդին ու պատրաստ է թեկուզ այս տարիքում ամեն ինչ անել` իր ազգի անունն ու պատիվը բարձր պահելու համար: Լեգենդար մարզիկը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու սուրբ ծնունդը` մաղթելով առաջնահերթ քաջ առողջություն:
«Որովհետև ես Հայաստանը շատ եմ սիրում, հարգում եմ իմ ազգին: Այսքան տարի այստեղ եմ եղել և ոչ մի տեղ չեմ ուզում գնալ: Ուզում եմ մնալ ու բարձր պահել հայ ժողովրդի անունը: Շնորհավոր բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը… »:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան