Ակնկալում ենք հասցեական գնահատականներ, քանի որ լռությունն ավելի լկտի է դարձնում Ադրբեջանին. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Չինարիում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործունեությանը, նշեց, որ ունեն հստակ փաստեր, որոնք ապացուցում են՝ դիվերսիայի հեղինակն Ադրբեջանն է։
«Ադրբեջանի հատուկ ջոկատայինների դին գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դա անհերքելի ապացույց է։ Միջազգային հանրությունից և Միսնկի խմբի համանախագահներից ականկալում ենք հասցեական գնահատական։ Ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով։ ՄԽ համանախագահներից ակնկալում ենք հասցեական գնահատական, քանի որ ընդհանուր գնահատականը կամ լռությունն ավելի լկտի է դարձնում Ադրբեջանին», – ասել է Էդուարդ Շարմազանովը:
Միաժամանակ ՀՀԿ խոսնակն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում լուրջ դիվանագետներ են, որոնք շատ լավ «թացը չորից» տարբերում են: «Նրանք շատ լավ գիտեն, թե ով է սկսել և իրականացրել դիվերսիան: Մինսկի համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչ երկիրը նաև ՀԱՊԿ անդամ երկիր է և արդեն եղել է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի՝ այդ դիվերսիան սադրանք է որակվել: Իսկ այն, որ Մինսկի համանախագահներն ամեն ինչ շատ ավելի լավ գիտեն, դա փաստ է»:
Հարակից հրապարակումներ`
- Դա պատմական կոնսոլիդացիա էր. Շարմազանովը՝ ԸՕ-ի մասին
- Խիստ դիվանագիտական բառապաշարով արված հայտարարություն էր՝ ուղղված Ադրբեջանին. Շարմազանովը՝ Բորդյուժայի հայտարարության մասին