«Անահիտ»-ի հաղթողները հայտնի են
Հայկական ազգային կինոակադեմիայի կազմակերպած «Անահիտ» առաջին մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են: Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվը» ֆիլմը մրցանակի է արժանացել լավագույն ֆիլմ, լավագույն օպերատոր (Վահագն Տեր-Հակոբյան), լավագույն դերասան (Սամվել Թադևոսյան) անվանակարգերում:
Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմն արժանացել է երեք «Անահիտ»-ի՝ լավագույն ռեժիսոր, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն սցենար (Միքայել Ստամբոլցյան, Հարություն Խաչատրյան) անվանակարգերում:
Հ. Խաչատրյանն իր մրցանակներից մեկը շնորհեց «Բարի լույս» ֆիլմի ռեժիսոր Աննա Արևշատյանին:
«Մրցանակաբաշխությունը չուներ լավագույն դեբյուտ անվանակարգը, սակայն կարևոր է, որ մենք կինո բերենք նոր մարդիկ, երիտասարդներ: Իմ ունեցած մրցանակներից մեկը հանձնում են ինձ համար լավագույն դեբյուտանտ Աննա Արևշատյանին»,- ասաց Հ.Խաչատրյանը:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Յանա Դրուզը, («28:94 Տեղական ժամանակ», ռեժիսոր Դավիթ Սաֆարյան,) իսկ լավագույն նկարիչ՝ Միքայել Անտոնյանն ու Վարդան Սեդրակյանը («28:94 Տեղական ժամանակ»):
Լավագույն կոմպոզիտոր անվանակարգում «Անահիտ» մրցանակին արժանացել է Վահագն Հայրապետյանը և Կարեն Հարությունյանը («Բարի լույս»): Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Արմինե Հարությունյանի «Մշո գեղենը», լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճամփան»:
Նշենք, որ «Անահիտ» առաջին կինոմրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայկական ազգային կինոակադեմիան ստացել էր 45 հայտ, որոնք ներկայացվել էին 11 անվանակարգի համար: Կինոակադեմիայի 35 անդամի առաջին քվեարկության արդյունքում անվանակարգերում առաջադրվել է 14 ֆիլմ: Մրցանակաբաշխությանը կարող էին մասնակցել 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ-ի հոկտեմբերն արտադրված այն ֆիլմերը, որոնք հանդիսանում են ՀՀ պետական կամ մասնավոր ստուդիաների արտադրանք կամ այն համատեղ արտադրությունները, որոնք հայկական կողմից ունեն 20 տոկոսից ավելի ֆինանսական մասնակցություն, և որոնց ստեղծագործական հիմնական կազմի ներկայացուցիչների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան