Խիստ դիվանագիտական բառապաշարով արված հայտարարություն էր՝ ուղղված Ադրբեջանին. Շարմազանովը՝ Բորդյուժայի հայտարարության մասին
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է իրավիճակը Տավուշի մարզում: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներրի հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Տեղյակ եք, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը Չինարի գյուղի շրջակայքում իրականացրել է դիվերսիոն գործողություն, որի արդյունքում մեր զինված ուժերը տվել են զոհեր: Ցանկանում եմ առաջին հերթին իմ և կուսակցության անունից ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին և ընտանիքներին: Բնականաբար, Ադրբեջանի այս գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը շարունակում է մի քաղաքականություն, որը միտված է ոչ թե խաղաղության ամրապնդմանը, այլ ապակառուցողականությանը: Սա մարտահրավեր է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը: Մենք սա դատապարտում ենք և կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է խստագույնս դատապարտի Ադրբեջանի ղեկավարության այս գործողությունը: Ավելին, գտնում ենք, որ այսօրվա իրականացրած դիվերսիոն ահաբեկչական գործողության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, որով վերջինս սադրանք է որակել Ադրբեջանի գործողությունները: «Մենք դրական ենք համարում այդ հայտարարությունը նաև այն առումով, որ Բորդյուժան իր հայտարարության մեջ հստակ նշում է, որ Ադրբեջանի գործողությունները սադրանք են, նաև հայտարարությայն մեջ նշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը: Չեմ կարծում, որ դա վրիպակ է, որովհետև ՀԱՊԿ-ի նման լուրջ կառույցը նման վրիպակ իր կայքում թույլ չի տալիս: Գտնում ենք, որ սա շատ խիստ դիվանագիտական բառապաշարով արված հայտարարություն էր, պատժիչ քարտ էր՝ ուղղված Ադրբեջանին: Դեղին, թե կարմիր, ցույց կտա ժամանակը: Ես ակնկալում եմ, որ նման խիստ գնահատական կտա նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որովհետև Ադրբեջանն այսպես է պատասխանում Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ընդունված սկզբունքներին և պայմանավորվածություններին»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան