Միկրովիրաբույժը հորդորում է Ամանորին երեխաներին հեռու պահել պայթուցիկներից, հրավառության համար նախատեսված նյութերից
Ամանորին ընդառաջ աշխուժանում է պայթուցիկ նյութերի վաճառքը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս դրանք անարգել վաճառվում են գետնանցումներում ու խանութներում:
Մինչդեռ անզգուշությունը, հրավառության համար նախատեսված նյութերի հետ անվտանգության կանոնների չպահպանելը, մասնավորապես՝ գիշերային ժամերին հրավառություններ կազմակերպելը, շատ հաճախ դառնում են դժբախտ դեպքերի պատճառ:
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ամանորին ընդառաջ ծնողները հնարավորինս պետք է զերծ պահեն երեխաներին պայթուցիկների և տարբեր հրավտանգ նյութերի հետ շփումից:
Միկրովիրաբույժը ծնողներին հորդորում է Նոր տարվա շեմին ընդհանրապես խուսափել անհայտ ծագման պայթուցիկ նյութեր գնելուց: «Չինական ծագում ունեցող բոլոր պայթուցիկները մահացու վտանգ են պարունակում: Եթե ծնողներն ուզում են նման պայթուցիկներ գնել, ապա գոնե պետք է նախապատվությունը տան որակյալ նյութերին: Իսկ ընդհանրապես, կարծում եմ, որ դրանց վաճառքն ընդհանրապես պետք է արգելել»,- ասաց վիրաբույժը:
Արտավազդ Սահակյանի խոսքերով՝ ամեն տարի տոների ժամանակ պայթուցիկների և հրավառության համար նախատեսված նյութերի հետ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով մեկ տասնյակից ավելի դժբախտ պատահար է գրանցվում:
«Պատկերացրեք, թե դեկտեմբերի 31-ին քանի երեխա է հրավառության սարքերով, ճայթռուկներով ուրախանում, բայց երբեմն այդ ուրախությունը ծանր հետևանքներ է ունենում: Հիշում եմ՝ մեկ տարի մեկ գիշերվա ընթացքում 11 դեպք գրանցվեց»,- նշեց Արտավազդ Սահակյանը:
Միկրովիրաբույժի խոսքերով՝ Ամանորի գիշերը հիվանդանոցում պարտադիր մի քանի վիրաբույժ են հերթապահում: «Եղել է դեպք, որ ես և Ալեքսանդր Բարբակաձեն 11 ժամ վիրահատություն ենք կատարել՝ փորձելով փրկել երեխայի ձեռքը: Դրա համար ծնողները պետք է առավել ուշադիր լինեն, երեխաներին հեռու պահեն պատուհաս դարձած այս «խաղալիքներից», որպեսզի մեր երեխաները Ամանորին ոչ թե լաց լինեն, այլ ուրախանան»,- ասաց միկրովիրաբույժը:
Շնորհավորելով բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ Արտավազդ Սահակյանն առաջին հերթին մաղթեց առողջ տարի:
«Թող մեր երկրում խաղաղություն լինի, արտագաղթը կանգ առնի: Ես շատ բարձր կարծիքի եմ վարչապետի մասին և մեծ հույս ունեմ, որ Հայաստանում կնվազի գործազրկությունը, մարդիկ բարեկեցիկ կապրեն, բժիշկները բարձր աշխատավարձ կստանան, հակառակ դեպքում՝ որոշ ժամանակ անց մենք անեսթեզիոլոգ չենք ունենա, քանի որ մեծ մասը գնում են արտերկրում աշխատելու: Բժիշկներին ցանկանում եմ, որ պարապ չմնան, բարեկեցիկ կյանքով ապրեն, և ամենակարևորը՝ պատերազմ չլինի»,- նշեց Արտավազդ Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան