Ախմատովան կարող էր 1966-ին Նոբելյան մրցանակ ստանալ
Ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովան կարող էր 1966 թվականին ստանալ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը՝ հայտնի հեղինակներ Նելլի Զաքսի և Շմուել Ագնոնի փոխարեն: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին են վկայում Շվեդական ակադեմիայի կայքում հրապարակված փաստաթղթերը:
Զաքսը և Ագնոնը 1966-ին կիսել են մրցանակը: Ըստ կարգի՝ փաստաթղթերը գաղտնազերծվում են մրցանակը հանձնելուց 50 տարի անց: Համապատասխան հրապարակված փաստաթղթերի՝ այդ տարի Նոբելյան մրցանակակիրներ կարող էին դառնալ մի քանի ռուսալեզու հեղինակ, այդ թվում Ախմատովան, Կոնստանտին Պաուստովսկին և Վլադիմիր Նաբոկովը:
Հավակնորդների ցուցակում են եղել նաև հեղինակներ, որոնք ավելի ուշ են արժանացել դրան՝ Սեմյուել Բեքեթը, Պաբլո Ներուդան, Հենրիխ Բելլը և Յասունարի Կավաբատան: