Չինական Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլը ելույթ է ունենալու Երևանում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, չինական Նոր տարվա կապակցությամբ հունվարի 14-ին տեղի կունենա Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլի «Մետաքսի ճանապարհ և ծաղիկների անձրև» խորագրով համերգը:
ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլը հիմնադրվել է 1961 թվականին և ներկայացնում է Դունհուան քաղաքի արվեստը, սովորույթները և Մետաքսի ճանապարհի առանձնահատկությունները: Համերգային ծրագրի ընթացքում կներկայացվեն պարային ներկայացումներ, երաժշտական, գործիքային կատարումներ:
Համերգը կազմակերպվում է ՀՀ մշակույթի ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարությունների և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ: