Տավուշի թեմի հոգևոր դասն ամանորի գիշերն անցկացրել է մարտական հենակետում
Ամանորի գիշերը Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, Տեր Արամ քահանան, մի խումբ երիտասարդներ սահմանապահ զորամասում էին՝ զինվորների հետ տոնելու ամանորը, այնուհետև բարձրացան մարտական հենակետ՝ շնորհավորելու դիրքապահ զինվորներին:
Տավուշի թեմի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Բագրատ Սրբազանն իր խոսքում ասել է.
«Տավուշ աշխարհը մեր երկրի ամենաերկար սահմանն ունի շուրջ 350 կմ, որի վրա ապրում են մեր հերոս սահմանապահ ժողովուրդը և իրավամբ մենք այն կոչում ենք Հայոց Աշխարհի դարպասները՝ Հույսի Աշխարհը, որի անառիկության մեծագույն գրավականը մեր հաղթանակած ու արիասիրտ բանակն է և բնականաբար մեր քաջարի սահմանապահ ժողովուրդը: Ուզում եմ շնորհավորել մեր հաղթանակած ու խաղաղության լծված Հայոց Բանակին՝ հայ ժողովրդի ծոցից ծնված այս հրաշքին և շնորհակալություն հայտնել նախարարից մինչև զինվոր նվիրումի, հայրենիքի և Աստծո սերը իրենց կյանքով կրելու համար, շնորհակալություն իրենց ծնողներին և ընտանիքներին և անփորձանք, ապահով ու խաղաղ ծառայություն մեր տղաներին: Մեր աղոթքը մեր հերոս ու նահատակված զինվորների համար, որոնց արյունով է սահմանագծվում մեր կյանքի անդորրը: Խոնարհում իրենց կենդանի հիշատակի և իրենց ընտանիքների առջև»: