Արցախում մայիսին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանն Ամանորը դիմավորել է տանը
2016 թվականի մայիսի 13-ին Արցախում ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանն Ամանորը տանն է դիմավորել՝ հարազատներով ու ընկերներով շրջապատված:
Հովհաննեսին լավ կիմանաք՝ նա ապրիլյան պատերազմում վիրավորվելուց հետո հենց մի քիչ ապաքինվեց, կրկին վերադարձավ դիրքեր:
«Տղայիս տրամադրությունը շատ լավ է, Նոր տարին էլ ուրախ դիմավորեց»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Պողոսյանի մայրը՝ Գայանե Ասատրյանը:
«Հովհաննեսիս բարեմաղթանքը մեկն է՝ խաղաղություն լինի, զինվորները «դուխով» լինեն, չհուսահատվեն, անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց ընտանիքներ»,- փոխանցելով որդու խոսքերը՝ նշեց տիկին Գայանեն:
Նրա խոսքերով՝ որդին վերականգնողական բուժում է անցել «Կարմիր խաչ» կենտրոնում, դեկտեմբերի 23-ին եկել է տուն, իսկ տոներից հետո նորից կշարունակի բուժումը:
Ընդհանուր առմամբ, ըստ Գայանե Ասատրյանի, որդու առողջական վիճակում դրական փոփոխություններ կան, ոտքը շարժում է, բայց աջ ձեռքը դեռ չի կարողանում շարժել: «Կարմիր խաչի կինեզիստներից շատ գոհ եմ, ամեն ինչ անում են, որ դրական արդյունքի հասնեն: Տոներից հետո Հովհաննեսը վերականգնողական բուժումը կշարունակի կինեզիստ Դավիթ Արսենյանի մոտ»,- նշեց Գայանե Ասատրյանը՝ հավելելով, որ որդու բուժումը երկար ժամանակ է պահանջում:
«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Չենք հուսահատվում, Հովհաննեսը լավատես է, տանն էլ զբաղվում է, որ շուտ ոտքի կանգնի: Այդ ծանր վիճակից որ դուրս եկավ, որ հիմա մեր կողքին է, ինձ համար դրանից կարևոր բան չկա»,- ասաց տիկին Գայանեն:
Հովհաննեսի մոր ցանկությունը մեկն է, որ չարաբաստիկ 2016 թիվն այլևս չկրկնվի. «Թող սահմանին ոչ մի զինվոր չզոհվի, թող ոչ մի մայր լաց չլինի»:
Հիշեցենենք, որ 1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը իր երկրորդ վիրավորումը մայիսի 13-ին է ստացել՝ գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան:
Նշենք, որ բժիշկները Հովհաննեսին ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել, նա երկար ժամանակ կոմայի մեջ էր, միայն 36 օր հետո վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց հիվանդասենյակ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը արդեն վերականգնողական բուժում է ստանում
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել
- «Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
- Այս պահին Հովհաննես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 6 զինծառայողի վիճակը՝ կայուն ծանր
- Երկրորդ անգամ վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին