Մեկ տարում երկու անգամ Էվերեստի գագաթին ծածանվել են Հայաստանի և Արցախի դրոշները
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի համար 2016-ը հաջողությունների տարի է եղել, աննախադեպ արդյունքներ են արձանագրվել,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:
Նախորդ տարվա ընթացքում 20 վերելք է եղել Հայաստանից դուրս. «Աշխարհի ամենաբարձրադիր գագաթի՝ Էվերեստի վրա երկու անգամ ծածանվել են Հայաստանի և Արցախի դրոշները: Կարող է նման բան այլևս չլինի, որ մեկ տարում երկու անգամ նման լեռ բարձրանան: Նաև բարձր գագաթների վրա է վերելքներ եղել՝ Մեթերհորն, Մոնբլան, Կազբեկ, Էլբրուս և այլն, որոնք նախկինում անհասանելի էին հայերի համար: Նաև հաջողություններ ենք ունեցել Պամիր լեռնաշթղայում»:
Ֆեդերացիան արդեն գործում է վեց տարի: Ֆեդերացիայի անդամներն այս տարիների ընթացքում արդեն հաղթահարել են հարյուրավոր լեռնագագաթներ տարբեր երկրներում, հազարավոր՝ Հայաստանի տարածքում: Լեռնամագլցության համար ամենամատչելի եղանակը հուլիս-օգոստոսն է: Լեռներն ընտրում են ըստ դժվարության և բարձրության: Ֆեդերացիայի փոխնախագահն ասաց, որ ամենաօպտիմալ տարբերակը երեքից վեց հոգանոց խմբով բարձրանալն է, որպեսզի որևէ խնդիր լինելու դեպքում միշտ կարողանան օգնել իրար:
Հայաստանում ժայռամագլցումը զարգացնելու համար, Ս. Դանիելյանն ասաց, որ ստեղծել են պատանի լեռնագնացների խումբ, որից մեծ սպասելիքներ ունեն: Նա նաև նշեց, որ սոցիալական ցանցերով ֆեդերացիայի տարածած լուսանկարները նույնպես խթան են հանդիսանում. «Հայաստանի տարածքում արշավներից այնպիսի լեռների, ջրվեժների, ձորերի լուսանկարներ են ներկայացվում, որ ցանկություն է առաջանում շատերի մոտ գնալ ու տեսնել, արդունքում դառնում են լեռնագնաց»:
Ֆեդերացիան իր գործունեությամբ նպատակ ունի Հայաստանում զարգացնել և մասսայականացնել լեռնագնացությունը որպես մարզաձև, ձևավորել ժայռամագլցողների և լեռնագնացների ազգային և օլիմպիական հավաքականներ: Հարցին, թե արդյո՞ք ֆեդերացիան իր գործունեության ընթացքում հասցել է իր նպատակն իրականացմանը, նա նշեց. «Մարզաձևի հասնելը մեզ համար դեռ առջևում է: Անհրաժեշտ է պետության օժանդակությունը, քանի որ սպորտաձև զարգացնելն առանց պետության բավականին դժվար է: Ցավոք, սպորտի նախարարությունն այս ձևին ուշադրության չի դարձնում: Լուրջ ծրագիր ենք ներկայացրել նախարարություն, սպասում ենք նախարարի արձագանքին»,- ասաց Ս. Դանիելյանը:
Ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով՝ գերնպատակ ունեն լեռնագնացությունն ինչ-որ տեղ հասանելի դարձնեն նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց:
Լուսանկարները՝ ֆեդերացիայի կայքից և ֆեդերացիայի անդամների ֆեյսբուքյան էջերից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան