Անտոնիո Կոնտե. «Մենք հիասթափված ենք այս պարտությունից»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Տոտենհեմի» հետ Անգլիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպումից հետո, որում նրա թիմը պարտվել է 0։2 հաշվով, ափսոսանք է հայտնել պարտության համար։ «Կապույտները» չկարողացան անընդմեջ 14-րդ հաղթանակը տոնել Պրեմիեր լիգայում և կրկնել «Արսենալի» նվաճումը։ «Զինագործները» նման հաջողության հասել են 2001-2002 և 2002-2003 թթ. մրցաշրջաններում։
«Մենք հիասթափված ենք այս պարտությունից, սակայն պետք է գոհ լինենք անընդմեջ 13 խաղից բաղկացած շարքից, ինչին անգլիական առաջնությունում հասնելը շատ բարդ է,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Այսօր մենք զիջեցինք ուժեղ մրցակցի, բայց չի կարելի մոռանալ, որ անցած մրցաշրջանում «Տոտենհեմը» մինչև վերջին տուրը պայքարում էր չեմպիոնության համար։ Մաուրիսիո Պոչետինոն վերջին մի քանի տարում հսկայական աշխատանք է կատարել թիմի հետ և կարողացել ստեղծել մի կոլեկտիվ, որը մինչև ավարտական տուրը կպայքարի Չեմպիոնների լիգայի գոտում տեղ զբաղեցնելու և նույնիսկ Անգլիայի առաջնությունում հաղթանակի համար։
Հիմա ամեն ինչ պետք է սկսենք զրոյից և շարունակենք աշխատանքը։ Այդուհանդերձ, այսօրվա պարտությունն արմատապես տարբերվում է սեպտեմբերին կրած պարտություններից, որովհետև այն ժամանակ դժվար էր մեզ միասնական թիմ անվանել։ Այսօր ցուցադրեցինք, որ միասնական ենք, և դա շատ կարևոր է»։