Ավստրիական քաղաքում Ամանորի գիշերը կանայք են սեռական բռնության ենթարկվել
Ավստրիական Ինսբրուք քաղաքում Ամանորին արտառոց դեպք է տեղի ունեցել. Ոստիկանությունը փնտրում է օտարերկրացի տղամարդկանց խմբին, ովքեր սեռական բռնություն են գործադրել մի քանի կանանց նկատմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ավստրիական Tiroler Tageszeitung թերթին։
Կատարվածի մասին իրավապահներին բողոք են ներկայացրել 19 կանայք` 19-ից 25 տարեկան։ Նրանք հայտարարել են Ինսրբուքի կենտրոնում մի խումբ տղամարդկանց կողմից սեռական բռնության ենթարկվելու մասին։
Դեպքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը, երբ փողոցում շատ մարդ չի եղել։ Կանանց նկատմամբ հարձակման որոշ դրվագներ տեսահսկման սարքերն են գրանցել, սակայն տեսագրության ցածրորակ լինելու պատճառով առայժմ չի հաջողվել պարզել հանցագործների ինքնությունը։ Տուժած կանայք իրենք էլ փորձել են լուսանկարել հանցագործներին, սակայն չի հաջողվել։
Տուժած կանանց թվում հինգը ավստրալուհիներ են, երեքը՝ իտալուհիներ, երկուսը գերմանուհիներ և մեկը շվեյցարացի կին է։
«Նման բան մեզ մոտ դեռ չէր եղել։ Մեզ հաջողվել պարզել, որ տղամարդիկ եղել են օտարերկրացիներ։ Մենք հետաքննություն ենք անցկացնում»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Էրնստ Կրանեբիտտերը։