Մոուրինյո. «ՄՅու»-ի երկրպագուներն ինձ ստիպեցին սիրահարվել այդ ակումբին»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է մանչեսթերյան ակումբում իր հարմարվելու գործընթացի մասին։ Հիշեցնենք, որ Ժոզեն ամռանն է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ այդ պաշտոնում փոխարինելով հոլանդացի Լուի վան Գալին։
Պորտուգալացին խոսել է այն մասին, թե ինչն է իրեն օգնել՝ արագ հարմարվելու նոր ակումբում։
«Այն, ինչն ստիպեց ակնթարթորեն ինձ զգալ «Յունայթեդի» մասնիկը, մարդիկ են։ «ՄՅու»-ի երկրպագուներն իրերին սթափ են նայում, հիշում են անցյալի հաղթանակները, սակայն նաև հասկանում են ներկայի իրողությունները։ Նրանք միշտ պահպանում են հավատը, որ ամեն ինչ կկարգավորվի, ուստի մեզ աջակցում են նույնիսկ այն ժամանակ, երբ վատ արդյունքներ ենք արձանագրում։
Ինձ համար ամենակարևորը, որն ստիպեց սիրահարվել այս ակումբին, դա է։ Նման վերաբերմունքը մինչև հոգուս խորքը հուզեց ինձ։
Բացի այդ, ես սիրում եմ իմ բոլոր խաղացողներին։ Եվ միայն մարզական որակների մասին չեմ խոսում։ Իմ ֆուտբոլիստներն ինձ դուր են գալիս։ Նրանք գերազանց տղաներ են, ինձ համար նրանց հետ աշխատելը հաճելի է, ներկա պահին ես երջանիկ եմ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ 39 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։