Սուրբ ծննդյան օրը երգ ու պարով, խաղերով՝ երթ Ազատության հրապարակ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հունվարի 6-ին հրավիրում է միասին նշելու սուրբծննդյան տոնը։ Ֆիլհարմոնիայի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այս տոնակատարությամբ նպատակ ունեն վերականգնելու և մասսայականացնելու սուրբծննդյան ժողովրդական ավանդական ծիսակարգը:
Ըստ աղբյուրի, վաղը ժամը 15.00-ին երթով, երգ ու պարով, խաղերով ու բարձր տրամադրությամբ Ֆիլհարմոնիայից (Աբովյան 2) տոնախմբության մասնակիցները շարժվելու են դեպի Ազատության հրապարակ, ուր կանցկացնեն սուրբծննդյան ավանդական տոնակատարություն:
• Հայկական ավանդական կենաց ծառի (տոնածառ) զարդարում
• Կաղանդի երգեր
• Սուրբծննդյան և Հայտնության ավետիսներ
• Ամանորյա ծիսական խաղեր
• Երգեր ու պարեր
• Տարի հացի ծիսակարգ
Նշվում է, որ միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել «Տոնացույց» ժողովրդական թատրոնը, «Մասունք» ազգագրական երգի-պարի խումբը, որոնք լավագույնս են տիրապետում ավանդական ծիսակարգին. նրանք գրագետ մատուցմամբ ներկաներին կպատմեն, կցուցադրեն, մասնակից կդարձնեն մեր նախնիների ավանդույթներին: