Գվարդիոլա. «Չեմպիոնների լիգայում հաջողությունը շատ ավելի կարևոր է Անգլիայի չեմպիոնի կոչումից»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ եվրագավաթի մրցաշարերում հաջողությունը շատ ավելի կարևոր է ներքին առաջնությունում չեմպիոնի կոչումից։
«Եթե ակումբը, իրոք, ուզում է պատմություն ունենալ, ապա ուղղակի պարտավոր է ամեն տարի արժանապատվորեն հանդես գալ Չեմպիոնների լիգայում, գոնե՝ 10 տարում։ Ես կարծում եմ, որ դա շատ ավելի կարևոր է, քան ներքին առաջնությունում հաղթելը,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Միայն այդ կերպ կարող ենք բոլորին ապացուցել, որ մեր ակումբը յուրահատուկ է։ Բնականաբար, ամեն ինչ պետք է համապատասխանի այդ մակարդակին՝ ենթակառուցվածքները, խաղացողները, երկրպագուները։ Ներկա պահին «Մանչեսթեր Սիթին» չի կարող հպարտանալ այնպիսի պատմությամբ, ինչպիսին ունեն «Բարսելոնը», «Յուվենթուսը», «Բավարիան» կամ «ՄՅու»-ն։
Նշենք, որ վերջին 6 տարում «Մանչեսթեր Սիթին» երկու անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայում, երկու անգամ՝ Լիգայի գավաթի, մեկ անգամ՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում։ Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, վերջին ժամանակներս այդ թիմի լավագույն արդյունքն անցած մրցաշրջանի կիսաեզրափակիչն է։ Այդ ժամանակ թիմի գլխավոր մարզիչը Մանուել Պելլեգրինին էր։
Պրեմիեր լիգայում «Սիթին» այժմ 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջին տեղում ընթացող «Չելսիից» հետ մնալով 7 միավորով։