Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի պատարագ
Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունները սկսվում են դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով, ներկայացնում են Արարատյան հայրապետական թեմից։
Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքից դուրս ենք գալիս հունվարի 5-ին: Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ:
Ճրագալույցի խորհուրդը
Սուրբ Ծննդյանը նախորդող այս օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ըստ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները, և մատուցվում է Ս. Պատարագ: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության նախատոնակներին:
Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետև Քրիստոսի Ծնունդը եղավ գիշերը, իսկ Պատարագի ավարտին եկեղեցին ավետում է՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղը, որը մոգերին առաջնորդեց դեպի Մանուկ Հիսուսը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում