Էջմիածնում կատարվել է տարվա առաջին Տնօրհնեքը
Հունվարի 5-ին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան բերկրառատ տոնի նախատոնակի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Ճրագալույցի Ս. Պատարագ:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Մինչ Ս. Պատարագի սկսվելը, կատարվել է Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, ապա Մայր Աթոռի չորս միաբան սարկավագների կողմից ընթերցվել է Դանիելի մարգարեությունը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից մանրամասնում են, որ Ս. Պատարագի ընթացքում Վարդան Սրբազանն իր քարոզում անդրադարձ է կատարեց Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդին:
«Եթե մենք գիտենք, որ Աստված այնքան սիրեց մարդուն, այնքան սիրեց Իր արարչագործությունը, որ մինչև իսկ Իր Միածին Որդու մեջ այդ սերը հայտնեց՝ իբրև փրկություն մարդու, իբրև կանչ հավիտենական կյանքում բնակության համար:
Ուրեմն՝ մենք, սիրելիներ, այդ սիրո ճանաչողության ճանապարհը պիտի փնտրենք, որովհետև եթե մեր գործերը խավար են, և մենք չենք ուզում, որ այդ գործերը հայտնի լինեն, մենք ճշմարիտ քրիստոնյա չենք, իսկ եթե ճանաչում ենք Աստծո Լույսը, և եթե այդ Լույսը մեր կյանքում այդպիսի ճանաչողությամբ փառավորվում է, ուրեմն՝ սիրո գործերով Աստված հանապազ ծնվում է մեր կյաքնի, մեր հոգու, մեր սրտի մսուրի մեջ», - նշել է Սրբազան Հայրը:
Պատարագիչ Սրբազանը հորդորել է հավատացյալներին Աստծուն խնդրել, որ Իր իմաստության Լույսը ծագեցնի իրենց մտքի, հոգու և կյանքի մեջ, որպեսզի նրանց սիրտը դառնա այն իրական մսուրը, որտեղ կարող է Լույսը ծագել, կարող է Սերը հայտնվել և փառավորվել ամենքի կայնքում և հավատքի գործերի մեջ:
Հավարտ Ս. Պատարագի Ամենայն Հայոց Հայրապետը բարձրացել է Ավագ Ս. Խորան և վառել է կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվել է հավատացյալներին:
Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը Մայր Տաճարից առաջնորդվել է դեպի Հին Վեհարան, ուր, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է տարվա առաջին Տնօրհնեքը: