Այսօր առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ, ապա կատարվում է Ջրօրհնեքի կարգը
Հունվարի 6–ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Մեր Քրիստոս Աստծո Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է: Քրիստոսի ծնունդով ծնունդ առան մյուս տոները՝ ինչպես ակունքից բխող բազմաթիվ աղբյուրներ: Հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Ս. Պատարագ, ապա կատարվում է Ջրօրհնեքի կարգը:
Արարատյան թեմից մանրամասնում են, որ ջրօրհնեքի կարգը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի: Խաչով և մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` հոգևոր ու մարմնավոր ախտերի բժշկության համար: Քահանան ժողովրդի խնդրանքները բարձրացնում է առ Աստված ու աղաչում, որ Նա օրհնի ու սրբի ջուրը` այն դարձնելով օգտակար տների շինության, հիվանդների բժշկության, մարդկանց մաքրության, հոգիների ու մարմինների փրկության և այլ կարիքների համար: Ջուրը օրհնվում է խաչով, ավետարանով և մյուռոնով:
Այսօր կատարվում է նաև տնօրհնեք: Առաքյալները, հետևելով Քրիստոսի օրինակին, Փրկչի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին շրջում էին քրիստոնյաների տները և ավետում Աստվածհայտնության և Հարության բարի լուրերը: Նույն օրինակով էլ քահանաները քրիստոնեական այս 2 մեծագույն տոներին այցելում են իրենց համայնքի հավատացյալ զավակների տները և ավետիսը փոխանցելով՝ օրհնում նրանց և նրանց բնակարանները: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաստատել է տնօրհնեքի արարողության երեք կարգ. Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և նորակառույց բնակարանի օրհնության: Քահանան, օրհնելով տունը և տանանդամներին, պահպանություն է հայցում ամենակալից:
Բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալներիհիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները՝ տոնիավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում նրանց գերեզմաններըև աղոթում նրանց հոգիների համար:
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի պատարագ
- Սուրբ ծննդյան օրը երգ ու պարով, խաղերով՝ երթ Ազատության հրապարակ
- Սուրբ ծնունդի արարողությունների ժամանակացույցը