Եգիպտոսի մզկիթներում գտնվող իսլամական արվեստի գլուխգործոցները տեղափոխվելու են երկրի թանգարաններ
Եգիպտական մզիկիթներում գտնվող պատմական և գեղարվեստական արժեք ներկայացնող առարկաներն ու արտեֆակտերը հանձնվելու են երկրի թանգարաններին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Խալադ ալ-Անանին:
Նրա խոսքով՝ հնությունների հարցերով և կրոնական սեփականության հարցերով նախարարությունների միջև պատրաստվում է համաձայնագիր առարկաների տեղափոխման վերաբերյալ:
Նախարարը բացատրել է, որ առաջին հերթին դա վերաբերում է մահմեդական ամենահայտնի մզկիթներին: Բոլոր այն առարկաները, որոնք իրենց տեղը կզբաղեցնեն թանգարաններում, անպայման փոխարինվելու են կրկնօրինակներով: Նման միջոցառումներ, եգիպտացի նախարարի խոսքով, նախաձեռնում են, որպեսզի կանխեն արտեֆակտերի գողությունը և որ այդ հարցով իմամներն ու մզկիթները խնամողներն այլևս չանհանգստանան:
Անցած շաբաթ Ար-Րաֆաի մզկիթից, որը գտնվում է համաշխարհային ճանաչում ունեցող Ցիտադել համալիրի հարևանությամբ, գողացել էին վեց եզակի ապակե անոթ, որոնք ծածկված են տարբեր գույների էմալով՝ վրան մահմեդականների սուրբ գրքից գրություններ: Առարակները պատրաստված են 14-րդ դարում և գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում:
Եգիպտացի փորձագետների տվյալներով՝ երկրի տարբեր մզկիթներում գտնվում է ավելի քան 300 արժեքավոր արտեֆակտ, որոնք կարող են ներկայացված լինել ցանկացած թանգարանում կամ ցուցահանդեսում: Բայց այժմ հայտնի է միայն 100 առարկայի գտնվելու վայրը: Մնացած գլուխգործոցների ճակատագիրը, որոնք պետք է զարդարեին Եգիպտոսի մզկիթները, փակ են նույնիսկ մասնագետների համար: