Զիդանը պատրաստվում է գերազանցել «Բարսելոնի» ռեկորդը
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տրամադրված է գերազանցել «Բարսելոնի»՝ 39 խաղից բաղկացած անպարտելի հանդիպումների շարքը։ Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում կատալոնյան թիմը չի պարտվել անընդմեջ 39 խաղում, ինչը ռեկորդ է իսպանական ակումբների ողջ պատմության մեջ։ Եվ հենց «Ռեալը» կանգնեցրեց «Բարսելոնի» հաղթարշավը՝ «Նոու Կամպում» հաղթելով 2։1 հաշվով։
Այժմ «Ռեալի» անպարտելի խաղերի շարքը հասել է 38-ի։ Եթե «Ռեալն» առաջիկա խաղում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում չպարտվի «Գրանադային», կկրկնի «Բարսելոնի» շարքը։
Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ցանկանում է գերազանցել կատալոնյան ակումբի ռեկորդը, սակայն իր համար դա առաջնահերթություն չէ։
«Անընդմեջ 39 խաղում չպարտվելու համար պետք է ցուցադրես քո ֆուտբոլը։ Այս պահին մենք վայելում ենք այն, ինչ անում ենք։ Ամեն օր հսկայական աշխատանք ենք կատարում, ինչն օգնում է մեզ հաղթել։ Հույս ունեմ, որ ապագայում էլ այսպես կլինի։ Բոլորդ ուզում եք, որ մենք միշտ հաղթենք, գերազանցենք հնարավոր բոլոր ռեկորդները, սակայն ես ռեկորդի համար չեմ աշխատում։ Իմ գործն եմ անում և ուզում եմ, որ իմ խաղացողներն օրեցօր ավելի ու ավելի լավը դառնան»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։