Նասրին կարող է որակազրկվել 4 տարով
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին, ով վարձավճարով հանդես է գալիս «Սևիլիայում», կարող է որակազրկվել 4 տարով։ Հաղորդվել է, որ Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում Նասրիին 1 լիտրի ծավալով ներարկում է կատարվել՝ օրգանիզմում ջրի պակասի խնդիրը լուծելու համար։
Սակայն, ըստ WADA-ի կանոնների, մեկ ներարկման չափը չպետք է գերազանցի 50 միլիմետրի սահմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ մարզիկը հատուկ թույլտվություն ունի։
«Նման խախտումը կարող է հանգեցնել քառամյա որակազրկման։ Բայց դա կախված կլինի այն բանից՝ արդյոք ֆուտբոլիստի արարքը կանխամտածվա՞ծ է եղել, թե՞ ոչ։ Եթե անփութություն է եղել, և խաղացողն այնքան էլ մեղավոր չէ, ավելի թեթև պատիժ կարող է սահմանվել»,- WADA-ի ներկայացուցիչ Բեն Նիկոլսի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։