Քննարկվել են ՀՀ-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հեռանկարները
«Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը»,-այս մասին նշել է Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետն ասել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն. «Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017 թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին»:
Իրանի ու Թուրքմենստանի դեսպանները նշել են, որ իրենց երկրների կառավարությունները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը և պատրաստ են քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը:
Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան