Հետտոնական սթրեսը և հաղթահարման ձևերը
«Հետտոնական սթրեսները բավականին լուրջ են: Բժշկության մեջ գոյություն ունի այն բնութագրող հատուկ տերմին՝ հետտոնական սինդրոմ»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան Էլլոնա Ավետյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ մեծ հանգստի վերջին օրերին պետք է մտովի պատրաստվեն աշխատանքի անցնելուն. «Եթե մեկնել են տնից հեռու հանգստի, ճիշտ կլինի մեկ-երկու օր շուտ վերադառնան տուն, որպեսզի տան մթնոլորտում նախապատրաստվեն աշխատանքային օրերին: Հանգստյան օրերի ընթացքում ուղեղին լիովին հանգիստ տալ ու կտրել ամեն ինչից պետք չէ, պետք է գիրք կարդալ, խաչբառ լուծել, սպորտով զբաղվել: Լավ կլինի մեկ օր առաջ բացել էլեկտրոնային փոստարկղը և առանձնացնել կարևոր նամակները, ճիշտ գնահատել աշխատանքային առաջնահերթությունները, կոլեգաների հետ կապը պահել: Գործատուները, կազմակերպությունների ղեկավարները լավ կլինի, որ իմանան այս սինդրոմի մասին և նախօրոք հայտարարվեն, որ աշխատանքի գալիս են նույն ժամին, սակայն բուն աշխատանքի անցնում են կես ժամ հանգստից հետո, իսկ առաջիկա երկու օրերն աշխատանքն ավարտում են երկու ժամ շուտ»:
Հոգեբանի կարծիքով՝ այսպես ավելի հեշտ են ինտեգրվում աշխատանքային պրոցեսին և այնպես են անում, որ աշխատանքն էլ չտուժի դրանից:
Ինչ վերաբերում է մանկահասակ երեխաներ ունեցող աշխատող մայրերին, մասնագետը նշեց, որ հոգեբանության մեջ խորհուրդ տալիս են չաշխատել մինչև երեխայի երեք տարեկանը լրանալը, քանի որ մինչև երեք տարեկանը ծնողի և երեխայի «հոգեբանականը պորտը» կտրված չի լինում:
«Եթե ծնողը գիտի, որ գնալու է աշխատանքի, ապա երեխայի հետ պետք է խաղա դերային խաղեր՝ նախապատրաստելով այն բանին, որ երբ ինքը գնում է աշխատանքի երեխան ինչով պետք է զբաղվի այդ ընթացքում, ում մոտ պետք է մնա կամ մանկապարտեղ գնա: Երեխային նախօրոք պետք է զգուշացնել, կան մայրեր որոնք փախնում են երեխայից, որ չտեսնի իրենց դուրս գալը, դա ավելի սթրեսային է, նախապատրաստելն ամենաճիշտ ձևն է»,-ավելացրեց Էլլոնա Ավետյանը: