Մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը
Նախօրեին հանկարծամահ է եղել հանրահայտ բանաստեղծ, թարգմանիչ, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ, Վրաստանի «Պատվո նշան» և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանակիր, բազում արձակ, չափածո ժողովածուների և թարգմանությունների հեղինակ, հայ-վրացական գրական կապերի մեծ ջատագով Անահիտ Բոստանջյանը: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում հայ համայնքի ֆեսյբուքյան էջից:
Անահիտ Բոստանջյանը ծնվել է 1949 թվականին Թբիլիսիում: 1966 թվականին ավարտել է Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 34 դպրոցը, 1972 թվականին՝Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1972-1975 թվականներին դասավանդել է Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում։ 1975 թվականին վերադարձել է Թբիլիսի և Բենիկ Սեյրանյանի երաշխավորությամբ աշխատել Վրաստանի Գրողների միության «Մերանի» հրատարակչության նորաբաց հայերեն հրատարակությունների խմբագրությունում՝ նախ որպես սրբագրիչ, ապա՝ խմբագիր, հետո՝ ավագ խմբագիր։ Միաժամանակ դասավանդել է Թբիլիսիի Ալեքսանդր Պուշկինի անվան ինստիտուտի հայոց լեզվի ու գրականության ամբիոնում, ծավալել է լրագրողական ու թարգմանական գործունեություն։ 1988 թվականից ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն է եղել, 1994 թվականից աշխատել է նաև հանրապետական «Վրաստան» թերթում՝ որպես թղթակից և բաժանորդագրության և տարածման բաժնի վարիչ, 2003 թվականից՝ ՀՀ Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչ, 2007 թվականից «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ նախագահ: Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ է, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ (2012), Կալիֆորնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ (2016), Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ (2016)։ Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, 10-ը բանաստեղծական ժողովածուների։ Թարգմանել է շուրջ 90 վրացի գրողների՝ Թամազ Ճիլաձե, Վաժա Փշավելա, Գրիգոլ Ռոբաքիձե, Ռեվազ Միշվելաձե, Արչիլ Սուլակաուրի, Գրիգոլ Աբաշիձե, Իրակլի Սամսոնաձե և այլք։ Հայերենից վրացերեն է թարգմանել Սոնա Վանի, Օքրո Օքրոյանի, Վարդան Հակոբյանի, Ավիկ Դերենցի, Սամվել Մարգարյանի և այլոց երկերը։ Թարգմանում է նաև ռուսերենից։ Հեղինակ է հոդվածների, ակնարկների, ուսումնասիրությունների, մտահղացումների, գրքերի առաջաբանների ու ծրագրերի, այդ թվում՝ «Թարգմանական գրականության գրադարան», «Առաջին գրքի գրադարան» մատենաշարերի։ «Շեմ» երիտասարդական գրական ակումբի հիմնադիր նախագահն է։ Աջակցել է նաև վիրահայ օտարագիր գրողներին՝ թարգմանելով ու հայերեն հրատարակելով նրանց ստեղծագործությունները։ Հրատարակել է 500-ից ավելի գիրք՝ իր հրատարակչական գործունեության ընթացքում: Թարգմանվել է վրացերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն լեզուներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան