Տոնական օրերին փրկարար ծառայությունն արձագանքել է 158 դեպքի
Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 158 դեպքի: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, արտակարգ իրավիճակների նախարարությունում այս տարվա առաջին խորհրդակցությանը զեկուցել է Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը:
Նա անդրադարձել է նաև դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքին: Արագածոտնի մարզի ժամանակավոր վրանային հենակետում գրանցվել է 5 դեպք, անվտանգ տարածք է տեղափոխվել 65 մարդ և 22 տրանսպորտային միջոց: Սյունիքի մարզում ծավալված հենակետում գրանցվել է 2 դեպք, անվտանգ տարածք է տեղափոխվել 48 մարդ և 22 տրանսպորտային միջոց: Այն մարզերում, որտեղ ծավալված են հենակետերը ծառայությունն իրականացվել է նախապես սահմանված կարգով և հերթափոխով: Հենակետերը գործում են մինչ օրս և կշարունակեն հերթապահությունն ըստ անհրաժեշտության:
Հիշեցնենք, որ արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալվել են ժամանակավոր հենակետեր: Շարժական հենակետերում ծառայություն է իրականացնում 6 փրկարար, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն են ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն: