Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը պահպանում են առաջատար դիրքերը
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարկել է 2017 թ. հունվար ամսվա վարկանշային աղյուսակը: Այստեղ, ինչպես և 2016 թ. օգոստոսին տեղի ունեցած Ռիոյի Օլիմպիական խաղերին նախորդած մի քանի ամիսներին Հայաստանի ուժեղագույն ըմբիշներից առաջատար դիրքերն են պահպանել համապատասխանաբար Օլիմպիական չեմպիոն և փոխչեմպիոն դարձած հունահռոմաեկան ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը:
Այս անգամ հունահռոմեական ոճի ուժեղագույնների շարքում ընդգրկվել է 11 հայազգի ըմբիշ, 6 -ը՝ Հայաստանից, 5-ը՝ արտերկրից: Յուրաքանչյուր քաշային կարգում ընդգրկվում են տվյալ ամսվա արդյունքներով 20 ուժեղագույն ըմբիշները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ալեքսանյանից ու Հարությունյանից բացի 20 լավագույնների թվում են Հայաստանը ներկայացնող Վարշամ Բորանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Կարապետ Չալյանն ու Էդուարդ Սարգսյանը:
Ցավոք, ազատ ոճի ըմբշամարտի դասակարգման ցուցակում Հայաստանի պատվիրակների թիվը նվազել է: Լավագույնների ցանկում տեղ են գտել միայն Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Լևան Բերիանիձեն: