Մուսալեռում ընտանիքը մահացել է գազի անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով. Գյուղապետ
Մեկ օրվա ընթացքում Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքում երկու ողբերգական դեպք է տեղի ունեցել. հունվարի 8-ին համայնքի բնակարններից մեկում ընտանիքի անդամները մահացել էին շմոլ գազի թունավորումից, իսկ մեկ այլ բնակարանում հրդեհի հետևանքով բնակիչը ծխաղեղդ է եղել:
Մուսալեռի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ծխախեղդ եղած քաղաքացին 46-ամյա Գագիկ Դավթյանն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել:
Իսկ հունվարի 8-ին առավոտյան տեղի ունեցածի հետևանքով մահացել էին ընտանիքի երեք անդամներ՝ հայրը, մայրը և 4 ամսական երեխան:
«Ծխախեղդ եղած քաղաքացին փորձել է վառարան վառել, բայց չի կարողացել ու հրդեհ է առաջացել», -ասաց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա համայնքապետի խոսքով, նրանք գազի վառարանը տեղադրել են առանց անվտանգության համապատասխան կանոնների պահպանման:
Մեր հարցին, թե գազի տեսուչները արդյոք ստուգումներ չե՞ն կատարել, տեղյակ չե՞ն եղել, որ անվտանգության կանոններ են խախտվել, համայնքապետը պատասխանեց.
«Այդ ընտանիքը մի քանի օր է, ինչ բնակվել է այդ տարածքում, անգամ հարևանները տեղյակ չեն եղել, որը այդ բնակարանում բնակիչներ կան, չեն ճանաչել»: