Սուրենյան. Ներկա պահին տաք օդային հոսանքների բուռն ներհոսք կա
«Առաջիկա օրերին եղանակի լուրջ փոփոխություններ չենք կանխատեսում, 5 օրերի ընթացքում այս ջերմաստիճանը կպահպանվի»: Panorama.am-ին ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, ներկա պահին տաք օդային հոսանքների բուռն ներհոսք կա, սակայն դրանք Արարատյան դաշտավայրին չեն վերաբերում:
«Տաք օդային հոսանքները չեն կարողանում ներթափանցել Արարատյան դաշտավայր: Շրջանցում են վերևով, ներթափանցում շրջաններ: Հիմա բոլոր շրջաններում տաք է: Սյունիքի հովիտներում +15 աստիճան է, Տավուշում՝ +14 - +15 է, լեռնային բնակավայրերում՝ Հրազդանում, Ջերմուկում, Մարտունիում, Շորժայում, Վարդենիսում, Գավառում +4 է»,-ասաց նա:
Սուրենյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Արագած լեռան գագաթին էլ է -10, Երևանում էլ է -10 աստիճան»:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե հակակարկտային կայանների միջոցով կարելի է ցրել մառախուղը կամ դրա առաջացմանը նպաստել է հանգամանքը, որ քիչ գործարաններ են աշխատում, Սուրենյանը դրանք անհեթեթություն ու անլուրջ որակեց:
«Հակառակը, գործարանները նպաստում են, որ մառախուղը խտանա: Դրանք գազ ու ծուխ են արտանետում դեպի մթնոլորտ, իսկ դրանք համարվում են խտացնող միջոց, դրանք նպաստում են, ոչ թե մառախուղի ցրվելուն, այլ խտացմանը: Մարդու միջամտության արդյունավետությունն այս պարագայում բացառված է»,-բացատրեց մասնագետը:
Նրա խոսքով, սա լոկալ երևույթ չի, Արարատյան դաշտից այն կողմ տարածվում է նաև Նախիջևանում:
Կենտրոնի պետի տեղակալը նաև արբանյակային լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում է Արարատյան դաշտի մառախուղը: