
ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ է ստեղծվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: Այն կազմված է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան և իրավաբան): Խորհրդի կազմում ընդգրկվել է նաև զինծառայողի ընտանիքի անդամ:
«Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու զինապարտների, այդ թվում՝ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները և ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Խորհրդի կողմից կիրականացվեն նաև զինապարտության և զինվորական ծառայության հետ կապված օրենսդրության վերլուծություններ, ինչպես նաև Պաշտպանին կտրամադրվեն փորձագիտական գնահատականներ առանձին հարցերի վերաբերյալ»,- տեղեկացնում են պաշտպանի աշխատակազմից: