Կարեն Ալեքսանյանը չի լքի հարազատ «Շիրակը»
«Շիրակի» փորձառու կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը 35 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: «Շիրակի» կազմում Կարեն Ալեքսանյանը նվաճել է 12 մրցանակ։
Պրոֆեսիոնալ կարիերան Կարեն Ալեքսանյանը սկսել է 1998 թ.` հանդես գալով Գյումրիի «Շիրակ-2»-ում, այնուհետև «Շիրակում», որի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 1999 թ.:
Փորձառու ֆուտբոլիստը տարբեր տարիներին կրել է նաև «Փյունիկի», «Բանանցի» և «Ուլիսի» մարզաշապիկները: 2005-2007 թթ. հանդես է եկել Մոլդովայի «Զիմբրու» թիմի կազմում` առաջնության 42 հանդիպումներում խփելով 2 գնդակ: 2008 թ. Ալեքսանյանը մեկնել է Բելառուս` հանդես գալով բարձրագույն խմբի առաջնության մասնակից Ժոդինոյի «Տորպեդոյում»: Այստեղ նա 12 խաղում 1 գոլ է խփել:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Կարեն Ալեքսանյանն անցկացրել է 25 հանդիպում։ Ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ հարազատ «Շիրակից», այլ կանցնի մարզչական գործունեության։