ԿԳՆ-ում չգիտեն՝ քանի դպրոց կընդունի իրենց առաջարկությունը
Կրթության և գիտության նախարարության տարածած հայտարարությունը ծնողների շրջանում ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց:
Ծնողներից շատերը չեն հասկանում, արդյոք դասերը ժամը 10-ից սկսելու առաջարկն իրենց դպրոցին վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ, կամ համապատասխան ջերմաստիճանը ո՞րն է, քանի՞ դպրոցում է այն ապահովված:
Նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Panorama.am-ին ասաց՝ իրենք նման տվյալներ չունեն: Դասասենյակներում համապատասխան ջերմաստիճանը սահմանում է առողջապահության նախարարությունը: ԿԳ նախարարությունը որևէ ահազանգ, բողոք չի ստացել դասասենյակները չջեռուցվելու մասին:
«Մենք առաջարկում ենք, այն ուսումնական հաստատություններում, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով: Ծնողները դժգոհել են՝ ժամը 8:30-ին ցուրտ է, մութ է: Դրա համար մենք ռեժիմն ազատ ենք թողել»,-ասաց վարչության պետը:
Նրա խոսքով, այս պահին իրենք չունեն տվյալներ, թե հանրապետության քանի դպրոց կընդունի այդ առաջարկը:
«Նոր ենք տարածել հայտարարությունը, վաղն արդեն կհասկանանք՝ ինչ կլինի»,-ասաց Ն. Հովհաննիսյանը:
Երևանի քաղաքապետարանից Panorama.am-ին ասացին, թե չգիտեն, քանի դպրոց կընդունի նախարարության առաջարկությունը, բայց վստահեցրին՝ հանգստյան օրերին էլ ուսումնական հաստատությունները ջեռուցվել են:
«Ջեռուցումը որևէ տեղ չի անջատվել, որովհետև դա կարող էր հանգեցնել համակարգի շարքից դուրս գալուն: Ամեն դեպքում, հաշվի առնելով ԿԳ նախարարի շրջաբերականը, եթե որևէ դպրոցում, հաշվի առնելով ցուրտ եղանակը և տվյալ դպրոցի շենքային պայմանները, ջերմաստիճանը կլինի սահմանված նորմայից ցածր տնօրենի հայեցողությամբ, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, դասապրոցեսը կարող են կազմակերպվել ժամը 10-ից՝ 30 րոպեանոց դասաժամերով»,-ասաց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նրա խոսքով, դպրոցի տնօրինությունն այդ մասին նախապես պետք է տեղեկացնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությանը:
Առողջապահության նախարարի հրամանով, ելնելով կլիմայական պայմաններից, սահմանվում են հետևյալ ջերմաստիճանները. դասասենյակներում և առանձնասենյակներում (+17) - (+20)0C, փայտամշակման ու մետաղամշակման արհեստանոցներում (+16) - (+18)0C, մարզական դահլիճում (+15) - (+17)0C, մարզադահլիճի հանդերձարանում (+19) - (+23)0C, զանգվածային միջոցառումների դահլիճում (+17) - (+20)0C-ից ոչ պակաս, գրադարանում, վարչական առանձնասենյակներում (+17) - (+21)0C, բժշկի առանձնասենյակում (+21) - (+23)0C, լվացարաններում (+20) - (+23)0C, նախասրահում, հանդերձարանում (+16) - (+19)0C, զուգարաններում (+17) - (+21)0C, ցնցուղարաններում 250C ոչ պակաս:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան