Ա.Իսկանդարյան. Հասկանալի է, որ այս էտապում հնարավոր չէ հասնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ լուրջ փոփոխություն 2016-ի ընթացքում տեղի չի ունեցել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն մի քանի տարի է չեն զբաղվում հակամարտության կարգավորմամբ. «Հասկանալի է, որ այս էտապում հնարավոր չէ հասնել հիմնախնդրի կարգավորմանը, քանի որ կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են իրարից, որ դրանք համատեղելը բավականին բարդ է: Միջազգային հանրությունը, ով զբաղվում է այս հիմնախնդրով, վաղուց զբաղված է ոչ թե կարգավորման փորձերով, այլ փորձում է նվազագույնի հասցնել բռնությունը, բռնության մակարդակը պահել ինչ-որ շրջանակում: Հասկանալի է, որ Ադրբեջանի որդեգրած դիրքորոշմամբ անել այնպես, որ ընդհանրապես բռնություն չլինի, բավականին բարդ է»:
Ինչ վերաբերում է ապրիլյան իրադարձություններին, քաղաքագետն ասաց, թեև էսկալացիան իր չափերով նախորդներից մեծ էր, բայց նոր ֆենոմեն չէր:
«Վերջին մի քանի տարիներին Ադրբեջանն անընդհատ բարձրացնում էր ռազական գործողությունների աստիճանը: 7-8 տարի առաջ ժամանակ առ ժամանակ կրակում էին դիպուկահար հրացաններից, այնուհետև եղան դիվերոսին խմբերի հարձակումներ: Այսինքն ամեն ինչ հաշվարկված է, ստրատեգիա է, ոչ թե ուղղակի պատահականություն: Այդ իմաստով ապրիլյան էսկալացիան բավականին տրամաբանական էր»,- նշեց Ա. Իսկանդարյանը:
Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վրա ազդելու երկու միջոց ունի Ադրբեջանը, առաջին՝ բառեր, այսինքն պրոպագանդիստական աշխատանքները, լոբբինգը տարբեր միջազգային կառույցներում, սակայն այս միջոցն Ադրբեջանին չի օգնում, երկրորդ՝ կրակել ու այդպես հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան հակամարտության վրա:
«Այս պատճառով է լինում այն, ինչ լինում է: Դրա համար ենթադրում եմ, որ շատ բարդ է պատկերացնել, որ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել»,- հավելեց նա:
Ա. Իսկանդարյանն ասաց, որ հաճախ է հնչում հարց, թե կլինեն նոր «ապրիլներ»: Նրա խոսքով, կախված է նավթի գնից. «Ապրիլին Ադրբեջանը շատ միջոցներ է վատնել: Վերջին մի քանի տարում Ադրբեջանը սպառազինությունների վրա մոտ 20 միլիարդ դոլար է ծախսել»:
Խոսելով դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ ՀԱՊԿ, Մինսկի խմբի հայտարարությունների մասին, քաղաքագետն ասաց, որ ՀԱՊԿ հայտարարությունը Ադրբեջանի վրա ազդելու էլեմենտներից մեկն էր, նաև հիշեցում Ադրբեջանին, որ չի պահում պայմանավորվածությունները, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը պետք չէ լուրջ նշանակություն տալ:
Հարակից հրապարակումներ`
- Մինսկի խումբը կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին
- ՀԱՊԿ-ն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված բախմանը
- «ՀՀ ՊՆ-ն տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների»
- Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում