Տղաների հետ մահմեդական աշակերտուհիների հաճախելը լողի դասերին իրավունքի խախտում չէ. ՄԻԵԴ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ տղաների հետ մահմեդական աշակերտուհիների հաճախելը լողի դասերին նրանց հավատի կամ կրոնական ազատության խախտում չէ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նշված է ՄԻԵԴ որոշման մեջ:
ՄԻԵԴ դատական հայցներկայացրել էին Թուրքիայի և Շվեյցարիայի երկքաղաքացիություն ունեցող երկու հայցվորներ: Նրանք՝ Ազիզ Օսմանօղլուն և Սեհաբաթ Քոչաբաշը, հրաժարվել են իրենց դուստրերին ուղարկել լողավազան դասերի՝ կրոնական բնույթի նախապաշարումներից ելնելով: Հայցվորները սպառել էին Շվեյցարիայում ներպետական դատական ատյանները, որտեղ նրանց բողոքները չէին բավարարվել և հետո միայն հայց էին ներկայացրել ՄԻԵԴ:
Նրանք իրենց հայցում վկայակոչել էին Մարդու իրավունքների եվրոպական կանվենցիայի 9-րդ հոդվածը՝ խղճի, մտքի, կրոնի ազատության պաշտպանության մասին և նշել, որ այդ իրավունքը նման գործողություններով խախտվում է:
Միաժամանակ, ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ կրոնական արգելքները արդարացում չեն դպրոցներում դասերին չհաճախելու համար: ՄԻԵԴ վճռում նաև նշվում է, որ շվեյցարական իշխանությունները իրավունք ունեն «աշակերտից պահանջել դպրոցական ծրագրի ամբողջական կատարում» և «հանրությանը բարեհաջող ինտեգրում»: