Ռոնալդու. «Բարսելոնի» բացակայությունն ինձ չի տխրեցրել»
Մադրիդյան «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բացատրել է իր խոսքերը՝ կապված այն բանի հետ, որ «Բարսելոնի» ֆուտբոլիստները չեն մասնակցել 2016 թ. ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման արարողությանը։ Պորտուգալացին, ով ճանաչվել է լավագույնը, ափսոսանք էր հայտնել, որ կատալոնյան ակումբի ներկայացուցիչները չեն ժամանել Ցյուրիխ։
«Ես չեմ տխրել Ցյուրիխում «Բարսելոնի» բացակայությունից։ Պարզապես ասացի այդ մասին, քանզի նրանց մասնակցության դեպքում այն ավելի գեղեցիկ կստացվեր։ Բայց ես գոհ եմ, ինչպես երբեք։ Իմ հաղթանակից հետո չեմ կարող տխրել»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնի» խաղացողները ներկա չեն եղել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման արարողությանը և մնացել են Բարսելոնում՝ «Ատլետիկի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը հնարավորինս լավ նախապատրաստվելու համար։ Բիլբաոյում, ի դեպ, կատալոնացիները պարտություն են կրել 1։2 հաշվով։