«Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են առաջադրումների մասին
«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների միավորման արդյունքում ստեղծված «Ելք» դաշինքի ներկայացուցիչները արդեն իսկ հայտարարում են տարբեր ընտրատարածքներում իրենց առաջադրվելու մտադրության մասին։ Առայժմ, սակայն, նման ցանկություն հայտնած թեկնածուները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։
Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ առաջադրվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում, որը, հիշեցնենք, ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի ընտրատարածքն է համարվում։
«Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ես լինելու եմ ԵԼՔ դաշինքի թեկնածուներից մեկը Շենգավիթ և Մալաթիա - Սեբաստիա համայնքներում: Եթե կարճ` սա մի քայլ է սև դևին աղբյուրից հեռացնելու և մեր երազած Հայաստանը կառուցելու ճանապարհին», -իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառել է ապագա թեկնածուն:
Նույն ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին էր հայտնել ՔՊ կուսակցության վարչության նախկին նախագահ, այժմ՝ անդամ Արայիկ Հարությունյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններ) առաջադրվելու մտադրության մասին է հայտարարել նույն կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա առայժմ հայտնի է Լոռու մարզում առաջադրվելու ցանկություն հայտնած կուսակցակաանների մասին. Մասնավորապես, ՔՊ անդամ Արփի Դավոյանը դարձյալ ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ մտադիր է առաջադրվել թիվ 9 ընտրատարածքում, որը ընդգրկում է Լոռու մարզը։
«Սիրելի ընկերներ, շատ կարևոր որոշում եմ կայացրել և առաջիկա, 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին,առաջադրվելու եմ որպես պատգամավորի թեկնածու թիվ 9 ընտրատարածքում` Լոռու մարզ», -նշել է Դավոյանը։
Նույն ընտրատարածքում, նույն կուսակցությունից մտադիր է առաջադրվել նաև Սուրեն Պապիկյանը։
Նկատենք, որ Հայաստանում ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ ընտրատարածքները 41 էին, այս ընտրություններում գործելու է 13 ընտրատարածք։ Հայաստանի ընտրական օրենսդրության համաձայն, նույն ընտրատարածքում դաշինքը կամ կուսակցությունները կարող են առաջադրել մինչև 5 թեկնածու, և նրանց ստացած ձայները ամեն դեպքում, դաշինքի օգտին են լինելու։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական ուժերի ցուցակներում կարող են լինել 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ
- Հայտնի է Երևանի թիվ 4 ընտրատարածքում առաջադրվող առաջին թեկնածուն
- Հայաստանում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան