Ստեփանակերտի պատկերասրահը տարեկան ունենում է շուրջ 2000 այցելու
Ստեփանակերտ քաղաքի պատկերասրահը 2016-ին ունեցել է շուրջ 2000 այցելու, գրեթե նույնքան, որքան նախորդ տարիներին: Պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանն Panorama.am-ին ասաց, որ այցելուների որոշակի նվազում է նկատվել միայն ապրիլյան իրադարձությունների ժամանակ:
Պատկերասրահի հիմնական այցելուները, նրա խոսքով, ինչպես հենց տեղացիներն ու հայաստանցիներն են, այնպես էլ Արցախ ժամանած զբոսաշրջիկները:
Ե.Դադայանն ասաց, որ տարեկան կազմակերպում են 20-25 ցուցահանդես, պատկերասրահը ունի նաև իր սեփական ֆոնդը՝ համալրված տեղական և օտարերկրացի գեղանկարիչների և քանդակագործների աշխատանքներով:
«Երբեմն փոխանակումներ ենք անում Շուշիի պատկերասրահի հետ»,- հավելեց նա:
2016-ի վերջին ցուցահանդեսը բացվել է դեկտեմբերի 29-ին Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով: Ե.Դադայանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են հայաստանցի արվեստագետների 50 աշխատանք: Ցուցահանդեսի կազմակերպման գործում Ստեփանակերտի պատկերասրահին օգնություն են ցուցաբերել «Տերյան» մշակույթային կենտրոնը, Հայ կերպարվեստի հիմնադրամը, Հայ նկարիչների կենտրոնը: Ցուցահանդեսին ներկայացված են Հրանտ Միրզոյանի, Կարապետ Հարությունյանի, Խաչիկ Աբրահամյանի, Վլադիմիր Աբրահամյանի, Գայանե Շուշեցու, Գոռ Ավետիսյանի, Աշոտ Երիցյանի, Կամո Խաչատրյանի, Կամո Գասպարյանի, Գագիկ Ղազանչյանի, Գագիկ Բադալյանի, Լիլիթ Սողոմոնյանի, Սամվել Գաբրիելյանի, Մարի Ադամյանի աշխատանքները: Պատկերասրահի ֆեյսբուքյան էջում ներկայացված են ցուցադրված գործերը:
Նկարչուհի Մարի Ադամյանը իր ֆեյսբուքյան էջում նույնպես ներկայացրել է լուսանկարներ ցուցահանդեսից.
Ստեփանակերտ քաղաքի պատկերասրահը հիմնադրվել է 1982 թվականին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական գործողություններ սկսվելու հետ կապված պատկերասրահը դադարեցրել է իր գործունեությունը։ Երկար ընդմիջումից հետո, 2001 թվականի հուլիսի 12-ին պատկերասրահը վերաբացվել է և ժամանակավոր տեղակայվել Ստեփանակերտի քաղաքապետարանի առաջին հարկի դահլիճում։ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին կայացել է արդեն նորակառույց Ստեփանակերտի պատկերասրահի բացումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան